Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է նկատվում՝ չնայած այն հանգամանքին, որ երկու կողմերն էլ, դիվանագիտական էթիկետից ելնելով, պահպանում են «խաղի կանոնները»։ Ավելին, հենց այն նույն պահից, երբ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուղիղ հայտարարեց, թե ակնկալում է, որ 2025-ին Ռուսաստանն Արցախից դուրս կբերի իր խաղաղապահներին, հարաբերությունների նոր փուլ է սկսվել ոչ միայն Մոսկվա-Անկարա, այլև Մոսկվա-Բաքու ուղղությամբ:
Ըստ էության՝ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովի հասցեին պարբերաբար տարածվող թշնամանքը և Մոսկվայի հայտարարությունների մասով դժկամությունը Բաքուն սկսել է ցույց տալ դեմոնստրատիվ կերպով: Ջեյհուն Բայրամովը հուլիսի 18-ին Բաքվում ընդունել էր ՌԴ նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և դժգոհել, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա մեկնաբանելը», ինչը, Բաքվի դիտարկմամբ, եղել է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության տեսքստում, չի համապատասխանում Ռուսաստան-Ադրբեջան Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի սկզբունքներին: Բայրամովը պնդել է, թե Արցախի և Սյունիքի հատման կետում ապօրինի անցակետի տեղադրելն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվայից հնչող պնդումները, թե դրա պատճառով Արցախում լարված հումանիտար վիճակ է ստեղծվել, «խեղաթյուրում են իրականությունը»։
Այստեղ մի կարևոր, առանձնահատուկ նկատառում անենք․ ռուս դիվանագետի առաջ Բայրամովը կրկնել է պաշարված արցախահայությանն Ակնա-Աղդամի ճանապարհով օգնելու առաջարկը, որի բովանդակությունը հայկական վերահսկողության տակ մնացած արցախյան տարածքներն ամբողջությամբ օկուպացնելը և այնտեղից ՌԴ խաղաղաղապահներին ու ռուսական ազդեցությունը դուրս բերելն է: Շեշտենք նաև, որ, այս վերջին հանգամանքով պայմանավորված, օկուպացված Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն առաջ է տանում Բրյուսելը:
Կարևոր է նաև ընդգծել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիրվանագիտական բախում սպասվում էր ճիշտ այն պահից, երբ Մոսկվայում ԵԱՏՄ նիստի ժամանակ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ սաբոտաժի ենթարկեց Վլադիմիր Պուտինի միջնորդական գործողություններն ու հյուրընկալությունը: Արդեն հուլիսի 15-ի կեսօրին, երբ Բրյուսելում հյուրընկալում էին Փաշինյան-Ալիև զույգին, ՌԴ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որը ապտակ էր միաժամանակ երկուսին էլ: Այստեղ թերևս Փաշինյանի մասով ամեն ինչ հստակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին նրա պայմանավորվածությունը փոխել է ամեն ինչ, և՛ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, և՛ խաղաղապահների տեղակայման հանգամանքների մասով, որտեղ ասվում է. «Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա»: Դիվանագիտական ապտակից բացի, այդ տեքստում կա ավելին: Մասնավորապես, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների տեղակայման հանգամանքների փոփոխության մասին ընդգծումն անելով՝ Մոսկվան իր համար ստեղծեց հետքայլի՝ խաղաղապահներին դուրս բերելու հնարավորություն, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը կորցնի: Ի դեպ, Մոսկվայի այդ ձևակերպումն ուղերձ էր նաև Բաքվին՝ փոխվել են խաղաղապահների տեղակայման հանգամանքները, կարող է փոխվել նաև ռուսական զորախմբի գործունեության բնույթը, եթե իրադարձությունների զարգացման վերահսկողությունը փորձեն խլել:
Ամփոփելով՝ հավելենք, որ հայտարարության տեքստում կա նաև պարբերություն այն մասին, որ Արցախում վիճակը զարգանում է բացասական սցենարով, խորանում է հումանիտար ճգնաժամը, ինչը կարող է բերել դրամատիկ հետևանքների, ինչին Բաքվում արձագանքեցին ամենաիսկական հիստերիայով:
Արմեն Հովասափյան