Արցախի ԱԺ-ն կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Արցախի ԱԺ կա՛մ առաջարկում է միջազգային մանդատ տալ ՌԴ խաղաղպահներին, կա՛մ նոր խաղաղպահ առաքելություն ուղարկել՝ ըստ ՄԱԿ-ի ցանկության, քանի որ փաստացի Բերձորի միջանցքի արգելափակման խնդիրը 7 ամիս շարունակ ՌԴ խաղաղպահները չեն կարողանում լուծել։
Երեկ Կառավարության նիստում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման կարիք կա, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ երկխոսություն սկսեն, որ դրա համար անհրաժեշտ են միջազգային մեխանիզմներ։ Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ հուլիս 14-ի բանակցությունները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասով արդյունք չեն տվել։ Ամբողջ տեքստում Ռուսատանի Դաշնության անունն անգամ չհնչեցրեց, չնշեց՝ ո՛չ պարտավորությունների, ո՛չ էլ միջնորդի դերի մասով։ Այսօր ՌԴ-ին միջնորդի դերից դուրս թողնելուն ուղղված քայլ է անում Արցախը՝ ըստ էության, շարունակելով Փաշինյանի թեզը։ Սա այն դեպքում, երբ դեռ օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ էր գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հատուկ մասնագիտական հմտություններ պետք չեն հասկանալու համար, որ ՄԱԿ-ը ՌԴ խաղաղապահներին ոչ մի պարագայում միջազգային մանդատ չի տա, բայցի այդ Ռուսաստանն այն չի ընդունի։
Եթե ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ կան, որ ՄԱԿ-ին դիմելնանպատասխան չի մնա, ապա ՄԱԿ-ն առնվազն կպահանջի հրաժարվել ՌԴ խաղաղպահ առաքելությունից՝ նորն ուղարկելու համար։ Մի կողմ թողնելով այն, որ ահաբեկչական երկրի դեմ ՄԱԿ-ի մանդատով պայքարելն անօգուտ և անշնորհակալ գործ է՝ այդուհանդերձ, բռնպետական Ադրբեջանն այևս երբեք թույլ չի տալու, որ Արցախի տարածք այլ ուժեր մուտք գործեն։
ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Այս հատարարությունից հետո՝ Արցախի, Լաչինի միջանցքի, ժողովրդի ինքնորոշման և այլ հարցերը, Ադրբեջանի ներքին հարցն են դառնում և նա թույլ չի տալու, որ որևէ մեկը խառնվի իր ներքին գործերին։
Իսկ թե ռուսական կողմին միջնորդի դերից և, ինչո՞ւ ոչ, տարածաշրջանից դուրս թողնելու փորձերն ի՞նչ կարժենան Հայաստանի, ՀՀ վարչապետի, Արցախի և արցախցիների համար՝ ցույց կտա ժամանակը։