Գլխուղեղի որոշակի բջիջների ակտիվացումը կարող է նվազեցնել ճարպակալման վնասը. Cell Reports

Ճապոնիայի ֆիզիոլոգիական գիտությունների Ազգային ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի բջիջներ, որոնք կարող են նվազեցնել բորբոքումը ճարպային հյուսվածքում, որը մինչ այդ կապված էր սիրտ-անոթային հիվանդությունների հետ, գրել է Cell Reports-ը։

Հետազոտողները փորձեր են կատարել ճարպակալում ունեցող մկների վրա։ Նրանք հայտնաբերել են, որ ուղեղի նեյրոնները (նյարդային բջիջները), որոնք արտադրում են  SF1 սպիտակուց, կարող են նվազեցնել բորբոքումը սպիտակ ենթամաշկային ճարպային հյուսվածքում։ Այդ նեյրոնները գտնվում են հիպոթալամուսում՝ ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է քաղցն ու մետաբոլիզմը։

«Մենք պարզեցինք, որ առանց SF1 արտադրող նեյրոնների մկները գիրացել են ինչպես նորմալ դիետայի, այնպես էլ ճարպերի բարձր պարունակությամբ դիետայի դեպքում»,- նշել են գիտնականները։

Օրգանիզմում գոյություն ունեն ճարպային հյուսվածքի տարբեր տեսակներ։ Սպիտակ ճարպային հյուսվածքը ճարպի առավել տարածված ձեւն է եւ հիմնականում ծառայում է որպես կալորիաների պաշար, այն դեպքում, երբ գորշ ճարպային հյուսվածքը կարեւոր դեր է խաղում  թերմոգենեզում՝ ջերմության արտադրման ժամանակ, ի հաշիվ կալորիաների այրման։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բորբոքումը սպիտակ ճարպային հյուսվածքում կարող է կապված լինել ճարպակալում ունեցող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր հավանականության հետ։

Աշխատանքի հեղինակների ուսումնասիրած նեյրոնների ակտիվացումը կարող է հանգեցնել ճարպակալման եւ դրա հետ կապված հիվանդությունների բուժման նոր մեթոդների ստեղծման։ 

Comments (0)
Add Comment