Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն ամուսնացել է: NEWS.am STYLE-ին Իջինը հայտնեց, որ ինքն ու սիրելին իրենց հարաբերություններն օրինականացրել են ԶԱԳՍ-ում. «Հարսանիք դեռ չի եղել, այն ծրագրում ենք հաջորդ տարի՝ Դուբայում»,-պատմեց նա:
Իջինի խոսքով՝ ինքն ու սիրելին ամուսնության գրանցման առթիվ մեծ խնջույք չէին ծրագրում, սակայն հարազատները անակնկալ են մատուցել զույգին:
«Փորձել եմ այնպիսի զգեստ գտնել, որը հարսանեկան չլինի, բայց տոնական տեսք ունենա: Մենք, առհասարակ, չէինք պատրաստվում շքեղ նշել, ուզում էինք սուս ու փուս գրանցվել, քանի որ ծրագրում ենք մեծ հարսանիք կազմակերպել Դուբայում, բայց ընտանիքս մեզ անակնկալ մատուցեց: Ասացին, որ զգեստ հագնեմ, իսկ ես կոստյումով էի պատրաստվում ներկայանալ»,-նշեց երգչուհին, որն արարողության համար ընտրել էր մարմինն ընդգծող սպիտակ փայլուն զգեստ՝ նուրբ դեկոլտեով եւ շրջազգեստի առջեւի հատվածում կտրվածքով:
33-ամյա երգչուհու ընտրյալը 28-ամյա գործարար է, ծնվել է Նիդերլանդներում, ազգությամբ իսպանացի է:
«Նա հարուստ ընտանիքում չի ծնվել, ինքնուրույն է ոտքի կանգնել: Ճիշտ է՝ շատ հեռու է շոու-բիզնեսից, բայց ամեն օր սիրում է ականջիս բարձր երգել՝ տարբեր լեզուներով»,-կատակում է Իջինը՝ հավելելով, որ հիմա է հասկանաում, թե ինչ է իսկական երջանկությունը.
«Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ է նշանակում Երկրորդ կես ասվածը: Մենք այնքան իրար համար ենք ստեղծված՝ թե հոգով, թե սրտով, որ բառերով չեմ կարող նկարագրել: Մենք մի ամբողջություն ենք, ու այս երեք տարվա ընթացքում, ինչ միասին ենք, ամեն բան այնքան թեթեւ ու հեշտ է տրվում: Աստված տա՝ միշտ այսպես լինի»: