Գայանե Ավետիսյանի եւ ամուսնու հանդիպումը՝ «Կնքահայրը» ֆիլմի աստղ Էնդի Գարսիայի հետ

Դերասանուհի, խոսքերի հեղինակ եւ հաղորդավարուհի Գայանե Ավետիսյանը Լոս Անջելեսում հետաքրքիր հանդիպում է ունեցել աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Էնդի Գարսիայի հետ։ Դերասանուհու ամուսինն իրենց համատեղ լուսանկարով կիսվել է սոցցանցային էջերում եւ շնորհակալություն հայտնել Գարսիային։

NEWS.am STYLE-ը Գայանեից պարզել է հանդիպման մանրամասները։ Դերասանուհին տեղեկացրեց, որ Էնդի Գարսիային տեսել են «Կատալինա» ջազ ակումբում, որտեղ վերջինը ելույթ է ունեցել իր բենդի հետ․

«Էնդի Գարսիային հանդիպել ենք համերգի ժամանակ, որին ամուսնուս հետ էինք ներկա․ նա հետաքրքիր բենդ ունի՝ տարբեր ազգությունների երաժիշտներից բաղկացած, նվագում են ջազ եւ իմպրովիզացիոն կատարումներ։ Վերջում առիթ ունեցանք զրուցելու։ Հայաստանից ջերմագույն բարեւներ եմ փոխանցել նրան»,-ժպիտով տեղեկացրեց Գայանեն։ Հարցին՝ արդյոք առիթ եղե՞լ է զրուցելու համագործակցության մասին, դերասանուհին պատասխանեց,-«Համագործակցություն դեռեւս չկա, բայց Աստված տա՝ շուտով դա էլ լինի։ Գուցե, համերգային որեւէ իրադարձություն կարողանանք կազմակերպել հայկական համայնքի համար, բայց դեռ ոչինչ խոսք տալ չեմ կարող»։

Հիշեցնենք, որ Գայանեն տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, որտեղ «Հորիզոն» ալիքով վարում է «Տեսակետ» հաղորդաշարը։ 

Comments (0)
Add Comment