Apple-ն սկսել է 15 դյույմանոց նոր MacBook Air ստեղծելու աշխատանքները։ Այս սարքի հիմնական առանձնահատկությունը ընկերության սեփական արտադրության ամենաթարմ պրոցեսորներից մեկի՝ M3-ի առկայությունն է։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։
Ըստ ինսայդերի տվյալների՝ M3 պրոցեսորը կարտադրվի TSMC գործարանում՝ երեք նանոմետր նոր տեխպրոցեսի հիման վրա: Անցումը նոր տոպոլոգիային երաշխավորում է, որ M3-ն ավելի հզոր կլինի, քան առնվազն Apple-ի նախորդ սերունդների բազային պրոցեսորները:
Գուրմանը կարծում է, որ Apple-ը 15 դյույմանոց նոր MacBook Air-ը կներկայացնի 2024-ին։ Եթե նորույթն իրոք ստանա M3 պրոցեսոր, ապա այն կդառնա Air շարքի ամենահզոր սարքը։
Apple-ն իր առաջին 15 դյույմանոց MacBook Air-ը ներկայացրել է WWDC23-ի ժամանակ: Բացի բարելավված էկրանից, նոր Air-ը չորսի փոխարեն ստացել է վեց բարձրախոս:
Նշենք, որ երկուշաբթի ֆոնդային բորսայում Apple-ի բաժնետոմսերը նոր առավելագույն ցուցանիշ են գրանցել այս տարվա հունվարից ի վեր։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինն ավելացել է 1.6%-ով՝ մինչև $183,79, ինչը ազդել է նաև շուկայի մնացած հատվածի վրա, քանի որ այս արժեթղթերը կազմում են S&P 500 ինդեքսի 7,5% մասնաբաժինը։
Ընկերության կապիտալիզացիան ներկայումս հասնում է 2,89 տրիլիոն դոլարի, և հոգեբանորեն կարևոր 3 տրիլիոն դոլար նշագծին շատ չի մնացել։ Թեև ներկայացված Vision Pro սարքը չի տպավորել սպառողներին, փորձագետները համոզված են, որ շուկա դրա դուրս գալը կարևոր խթան կդառնա լրացված իրականության տեխնոլոգիաների ողջ ոլորտի զարգացման համար և կդառնա ընկերության եկամտի ևս մեկ կարևոր աղբյուր: