Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը The Hollywood Reporter-ի կողմից կազմակերպված Raising Our Voices ընթրիքի ժամանակ Հոլիվուդին մեղադրել է դաժանության մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
65-ամյա դերասանուհին պատմել է, որ 2001 թվականին ինսուլտից հետո դժվարացել է աշխատանք գտնել: Նա վերականգնվել է յոթ տարիների ընթացքում։ Դերասանուհու խոսքով՝ այդ իրադարձությունից հետո գրեթե 20 տարի նա չէր կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել Հոլիվուդում։ Սթոունը դատապարտել է համակարգը նման անտարբերության համար։
«Երբ դա տեղի ունեցավ, չէի ցանկանում ոչ ոքի պատմել, քանի որ գիտեք, եթե ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, դուք դուրս եք մնում։ Ինչ-որ բան եղավ եւ ես 20 տարի չկայի։ Աշխատանք չունեի»,- կիսվել է դերասանուհին։
Սթոունն ընդգծել է, որ «նա ստիպված է եղել հոգալ իր մասին»։ Նա պատմել է, որ կռվել է ստուդիայի ղեկավարների հետ՝ պաշտպանելով փաստաբան ունենալու իր իրավունքը, որը պետք է կարդա իր պայմանագրերը։
«Ես կոտրել եմ շատ ապակե առաստաղներ եւ ցանկանում եմ ասել, որ ցավոտ էր <…> Ցավոտ էր սահմաններ դնելը. սահմաններ, երբ որոշում ես, թե ով պետք է մտնի քո հանդերձարան եւ ինչ պետք է խնդրեմ։ Սահմաններ, երբ չէի ցանկանում պայմանագիրս ստորագրել այն օրը, երբ սկսեցինք նկարահանումները», — նշել է դերասանուհին։