Հայաստանում բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների հիման վրա դեռ հավաստագրեր չստացած՝ նոր փորձության են ենթարկվում՝ լիցենզավորման։ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում, որոնց համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ից կսկսվի բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը, որը պետք է ավարտվի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։ 2022 թվականի վերջին բժիշկներին տրված հավաստագրերն այդ պահից կդադարեն գործել, իսկ դրանք տրվել էին 5 տարի ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը։
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը, լիցենզիա ստանալուց հետո բժիշկները պետք է նորից սկսեն ՇՄԶ կրեդիտներ հավաքել՝ հաջորդ հինգ տարով լիցենզիան երկարացնելու համար:
Հիշեցնենք, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը Հայաստանում ներդրվել է «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2016թ. մայիսի 4-ին։ Այս համակարգը ենթադրում է հնգամյա շրջափուլ, եւ առաջին հինգ տարին ավարտվել է 2021թ.։ Բայց կորոնավիրուսի համավարակի եւ 2020թ. պատերազմի պատճառով որոշվել է բուժաշխատողների հավաստագրման ժամկետը հետաձգել մինչեւ 2023թ.։
Փաստացի, նոր փոփոխությունների պատճառով կրեդիտների հավաքագրման երկրորդ ժամկետը հինգ տարուց կկրճատվի մինչեւ երեք տարի։ 2026 թվականի հունվարի 1-ից բժշկի մոտ լիցենզիայի բացակայությունը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով։
Մասնագետի կարծիքով՝ սա եւս մեկ արհեստական խոչընդոտ եւ ֆինանսական բեռ է բժիշկների համար։ Նա հիշեցրեց, որ 2000-ականներին արդեն բժիշկների լիցենզավորման փորձ է արվել, սակայն այն անհաջողությամբ է ավարտվել։
«Եվ այստեղ մի եզրույթ են օգտագործում՝ «անցումային լիցենզիա», որը տալիս են կլինիկական օրդինատորներին։ Այսինքն, կլինիկական օրդինատորներին թույլ են տալիս բժշկի հսկողությամբ կատարել առողջապահական, բուժական միջամտություններ։ Դա ի՞նչ է նշանակում։ Կլինիկական օրդինատորին թույլ են տալու վիրահատե՞լ, թե՞ թույլ չեն տալու վիրահատել։ Այսինքն, տրվում է ոչ թե օգնականի որակավորում, այլ անցումային լիցենզիա, որը հանելու դեպքում կարող է սկսել աշխատել, բայց ի՞նչ պայմաններով՝ անհասկանալի է։
Օրենքի նախագծից պարզ է դառնում, որ լիցենզավորումը իրենից ենթադրում է քննական գործընթաց, որի կարգը որոշում է լիազոր մարմինը։ Քննության համար անհրաժեշտ է վճարել 15․000 դրամ բժշկի դեպքում եւ 5000 դրամ կլինիկական օրդինատորի դեպքում», – ասել է Անուշ Պողոսյանը։ Նա նշել է, որ փոփոխությունների համաձայն՝ լիցենզավորման գործընթացը կիրականացվի մասնագիտական բժշկական ասոցիացիաների հետ միասին։ Բայց կան հազվագյուտ բժշկական մասնագիտություններ, եւ անհասկանալի է, թե ով է նրանցից քննություն վերցնելու։ Կամ, օրինակ, պրոֆեսորնե՞րը կընդունեն քննությունները, թե՞՝ կհանձնեն դրանք: Իսկ ու՞մ են հանձնելու քննությունները կամ ու՞մ մոտ են վերապատրաստվելու։
Իրավապաշտպանի խոսքով՝ բուժաշխատողների հավաստագրման գործընթացում արդեն բազմաթիվ խնդիրներ են առաջացել, եւ դրանք միայն կբազմապատկվեն լիցենզավորման ընթացքում: Կրեդիտներ հավաքելու եւ հավաստագրեր ստանալու համար շատ բուժաշխատողներ ստիպված են եղել վճարովի դասընթացների հաճախել, ապա հերթ կանգնել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնում: Սա հատկապես խնդրահարույց էր հեռավոր մարզերի բժիշկների համար, ովքեր ստիպված էին թողնել իրենց աշխատանքը եւ մի քանի անգամ մեկնել Երեւան՝ հավաստագրման գործընթացն անցնելու համար։ Իսկ գյուղի բժիշկներից շատերն ուղղակի անփոխարինելի են իրենց տեղերում։
«Միշտ խոսել եմ մարզային առողջապահությունից, որ դրա կարգավորումը պետք է լինի տեղում՝ որակավորումներ, վերապատրաստումներ եւ այլն։ Այսօր Սյունիքի մարզից բժիշկները ամեն թղթի ու հավաստագրի համար լուրջ խնդիրների առաջ են կանգնում», – ասել է նա, հավելելով, որ հավաստագրերի առցանց ստացման համակարգը եւս չաշխատեց եւ ամբողջովին անցան օֆլայն գործընթացի։
Բացի այդ, 90-ականների վերջին 2000-ականների սկզբին Հայաստանում բազմաթիվ բժշկական ուսումնարաններ բացվեցին, եւ դրանք ավարտած, ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող բուժքույրերը չկարողացան հավաստագիր ստանալ, քանի որ նրանց դիպլոմը պետական չի համարվում: Հիմա նրանց ստիպում են քննություն հանձնել եւ դիպլոմը վավերացնել։
«Կան հաստատություններ, օրինակ՝ Վարդենիսի տուն-ինտերնատը, որի բուժքույրերն անփոխարինելի են, պետությունը նրանց վրա մեծ ներդրում է արել նրանց նաեւ սոցիալական աշխատող դարձնելու համար։ Բայց նրանք ավարտել են իրենց մարզային բժշկական քոլեջը, ունեն գրություն առողջապահության նախարարության կողմից, որ կարող են զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Բայց նրանց չեն հավաստագրում՝ պատճառաբանելով, որ դիպլոմները պետական չեն։ Դրան զուգահեռ ունենք նորավարտ բուժքույրեր, որոնք չունեն աշխատանքային ստաժ, բայց ավտոմատ ստանում են հավաստագիր։ Բացի այդ ֆիլտր են դրել՝ վերջին 5 տարում 3 տարվա աշխատանքային ստաժ։
Մի քանի անգամ հարց եմ տվել՝ կողմնորոշվեք՝ ձեզ աշխատանքային ստա՞ժն է հետաքրքիր, թե՞ մարդը։ Այս ամենը պետք է իրավական ակտ ստեղծելուց առաջ մանրակրկիտ ուսումասիրվեր։ Ունենք հիմնարկներ, որ տնօրենն ասում է՝ ավելի լավ է դատական պրոցեսի մեջ մտնեմ, քան բուժքույրին ազատեմ, քանի որ փոխարինող չկա», – նշել է Անուշ Պողոսյանը։