Ամողջ աշխարհում կաթվածից մահերի թիվը տարեկան հաշվարկմամբ մինչեւ 2030թ. կարող է ավելանալ՝ հասնելով 5 մլն-ի։ Այս մասին տեղեկացրել է Նյարդաբանության ամերիկյան ակադեմիան։
Հետազոտողներն ուսումնասիրել են «Առողջության մասին տվյալների համաշխարհային փոխանակման» 1990-2019թթ. տվյալները։ Աշխարհի բնակչության աճին զուգընթաց՝ իշեմիկ ինսուլտից մահերի գլոբալ թիվն ավելացել է՝ 1990թ. 2,04 մլն-ից 2019թ. հասնելով 3,29 մլն-ի։ Սակայն կաթվածների հաճախակիությունը նվազել է՝ 1990թ. 100 000 մարդու հաշվարկով 66-ից 2019թ. հասնելով 44 կաթվածի։
«Կաթվածների հաճախակիության այս նվազումը, հավանաբար, նշանակում է, որ ամբողջ աշխարհուն կաթվածների թվի ընդհանուր ավելացումը հիմնականում կապված է բնակչության ծերացման աճի հետ»,- ասել է Շանհայի Տունցզի համալսարանի հետազոտության հեղինակներից մեկը՝ Լիզե Սյունը։
Գիտնականները նշել են ռիսկի յոթ հիմնական գործոն՝ ծխելը, նատրիումի բարձր պարունակությամբ սնունդը, արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, երիկամների դիսֆունկցիան, արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը։
Այնուհետեւ հետազոտողները կատարել են տվյալների արտածում՝ 2020-2030թթ. մահերի քանակը կանխորոշելու համար։ Ըստ կանխատեսումների՝ իշեմիկ ինսուլտը կհանգեցնի 4,9 մլն մահվան 2030թ.։ Այս գնահատականը տրվել է ռիսկի գործոնների ազդեցությունն իջեցնելու բժիշկների եւ կառավարությունների ջանքերի հաշվառմամբ։ Իսկ եթե այդ ջանքերը նկատի չառնվեն հաշվարկներում, մահերի թիվը կարող է ավելանալ՝ հասնելով տարեկան 6,4 մլն-ի։