Ամերիկահայ դերասան Ռոման Միտիչյանը վերջերս երկու հետաքրքիր նկարահանում է ունեցել՝ հայտնի ամերիկացի դերասան Ջեֆ Բրիջեսի եւ ճանաչված երգիչ The Weeknd-ի հետ։ Հանրաճանաչ արտիստների հետ Ռոմանը աշխատել է տարբեր նախագծերի շրջանակում, որոնց մանրամասների բացառիկ լուսաբանումը վստահել է NEWS.am STYLE-ին։
Ջեֆ Բրիջեսի եւ Ռոման Միտիչյանի համագործակցությունը կայացել է «Ծերուկը»/The Old Man սերիալի շրջանակում, որն ամերիկյան եթերում է 2022 թ-ից։ Գլխավոր դերում Ջեֆ Բրիջեսն է, Ռոմանը ֆիլմում մարմնավորելու է հերթական բացասական կերպարին։
«Այո, ինչպես միշտ՝ չարագործի կեևրպարում եմ (ծիծաղում է)։ Իսկ Ջեֆ Բրիջեսի մասին կասեմ, որ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչքան լավ մարդ է նա։ Նրա հետ աշխատելու ամեն վայրկյանը հաճույք էր։ Նա մեծ պրոֆեսիոնալ է, միեւնույն ժամանակ՝ շատ համեստ մարդ։ Նա ինձ շատ էներգիա ու մի շարք խորհուրդներ է տվել, տարբեր թեմաներով ենք զրուցել։ Ջեֆ Բրիջեսի մասին շատ բան կարող եմ պատմել, բայց մեր խոսակցությունը երկար կստացվի։ Պարզապես կենդանի լեգենդ է»,-ասում է Ռոմանը։
Ինչ վերաբերում է հայտնի կանադաղի երգիչ The Weeknd-ի հետ համագործակցությանը՝ դա եղել է վերջերս՝ մեկ այլ ֆիլմի շրջանակում։ Դրա մանրամասները Ռոմանն առայժմ իրավունք չունի բարձրաձայնելու, բայց հավելեց,-«Նախագծի մասին կարող եմ խոսել միայն այն ժամանակ, երբ այն թողարկվի։ Իսկ այս պահին իմ հեղինակային նախագծերից երկուսի շուրջ էլ եմ աշխատում։ Հուսով եմ՝ առաջիկայում կսկսենք նկարահանումները»։
Այժմ Ռոմանը Հայաստանում է՝ հայրենի Վանաձորում։ Դերասանը նշեց, որ այցն աշխատանքային չէ,-«Ես հաճախ եմ Հայաստան գալիս՝ տարվա մեջ 2-ից 3 անգամ։ Ժամանակս հիմնականում անցկացնում եմ ծննդավայրումս՝ Վանաձորում»։
Ռոմանը NEWS.am STYLE-ին նաեւ բացառիկ լուսանկարներ է տրամադրել The Old Man սերիալի նկարահանումներից։