«Անցած տարի երգերի առումով ուժեղ մրցակցություն կար, ինչը չէի ասի այս տարվա մասին»․ երգահան Լիլիթ Նավասարդյանը՝ «Եվրատեսիլ»-ի, Snap-ի ու իր նոր նախագծի մասին

Երգահան, երաժշտական պրոդյուսեր Լիլիթ Նավասարդյանի անունը, հատկապես, ծանոթ է «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրպագուների շրջանում։ Նա համահեղինակել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Արամ Mp3-ի Not Alone-ը, Իվետա Մուկուչյանի Love Wave-ը եւ Արծվիկի Fly Witհ Me-ն, որոնք սիրված ու հանրաճանաչ են դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։ Դրա վառ ապացույցն են այդ երգերին համաշխարհային առաջատար լրատվամիջոցների անձրադարձերն ու տարբեր հարթակներում՝ բազմահազար դրական մեկնաբանությունները։

Լիլիթին վերջին անգամ հանդիպել էինք մեկ տարի առաջ՝ «Եվրատեսիլ 2022»-ի շրջանակում Ռոզա Լինի փորձերի ժամանակ։ Ի դեպ, Ռոզայի հետ վոկալային պարապմունքներից զատ՝ Լիլիթը օգնել էր նաեւ այժմ արդեն համաշխարհային հիթ դարձած Snap երգի գործիքավորմանը։ 

«Այն, որ երգը շատ լավ է աշխատելու Ռոզայի՝ որպես արտիստի կայացման համար, կանխատեսել էի։ Այն շատ պարզ, արտիստի էմոցիաներից ծնված ստեղծագործություն է։ Պետք էր, պարզապես, չփչացնել հետարտադրության փուլում, ինչը ստացվեց։ Ես սպասում էի, որ Snap-ը «Եվրատեսիլի» լավագույն տասնյակում կհայտնվեր։ Անցած տարի շատ ուժեղ մրցակցություն կար երգերի առումով, ինչը չես ասի, օրինակ, այս տարվա մասին»,-NEWS.am STYLE-ին ասում է Լիլիթը՝ հավելելով, որ լավ երգը միայն գործի սկիզբն է,-«Տվյալ դեպքում ամբողջ թիմը եւս շատ լավ է աշխատել, երգը լսողին հասցնելու տեսանկյունից»։

Լիլիթի խոսքով՝ «Եվրատեսիլը» մեծ փորձ է տալիս ոչ միայն արտիստներին, այլեւ բոլորին, ովքեր աշխատում են նախագծի շուրջ։ 

«Պետք է խոստովանեմ, որ մինչեւ եվրատեսիլներին իմ մասնակցությունը ես շատ բազմակողմանի երաժշտական կրթություն եմ ստացել, բայց գործնականում բոլոր գիտելիքներս օգտագործելու քիչ հնարավորություններ ունեի։ «Եվրատեսիլը» տվեց այդ հնարավորությունը։ Օրինակ, ես շատ գիտելիքներ ունեի կատարողական արվեստի նրբությունների հետ կապված, բայց ամբողջ ծավալով կարողացա դրանք կիրառել արտիստների կենդանի կատարումը նման մեծ բեմում ապահովելու ժամանակ։ «Եվրատեսիլն» ինձ շատ հղկեց՝ որպես երաժշտական պրոդյուսերի»։

Չնայած երգահանին մեծ ճանաչում է բերել հենց «Եվրատեսիլ»-ը, Լիլիթը 2021 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, որտեղ աշխատում է մեր երկրում կոմպոզիտորական արվեստի զարգացման ծրագրերի շուրջ,-«Քննարկում ենք միմյանց ստեղծագործությունները, մրցույթներ ենք կազմակերպում, փորձում ենք լսողին հասցնել կազմակերպվող մրցույթների արդյունքում ընտրված լավագույն ստեղծագործությունները, փորձում ենք բացահայտել մեր երկրում ստեղծագործող տաղանդավոր երեխաներին, պատանիներին»։

«Դեպի Եվրատեսիլի» եւ «Եվրատեսիլի» շրջանակում Լիլիթը բազմիցս հանդես է եկել հայաստանյան ժյուրիի կազմում։ Որպես ժյուրիի անդամ՝ նա կարեւորում է տաղանդավոր արտիստներին ու լավ նախագծերին աջակցությունը։ «Միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել այդ գործին ու արել առավելագույնը՝ հավաստի ու անաչառ գնահատականներ ապահովելու համար՝ թե «Դեպի Եվրատեսիլի», եւ թե հենց «Եվրատեսիլի» ժամանակ»։ 

Լիլիթն աշխատում է նաեւ Հայաստանի այս տարվա մասնակցի՝ Բրյունետի հետ, որի հաջողության հնարավորություններն, ըստ երգահանի, բարձր են․

«Բրյունետը լավ արտիստ է, եւ շատ լավ շանսեր ունի։ Իր գրած երգն է, ինքը շատ լավ է կատարում։ Ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի ավելի քիչ են լավ նախագծերը։ Կարծում եմ՝ կարող ենք շատ լավ արդյունք ունենալ»։



Այժմ Լիլիթն աշխատում է իր LI’LITH նախագծի շուրջ, որտեղ զետեղված են նրա հեղինակային ստեղծագործությունները, կան նաեւ համագործակցություններ արտերկրյա երաժիշտների հետ։ Կոմպոզիտորի խոսքով՝ իրեն ոգեշնչում են շրջապատող աշխարհը, մարդիկ, բնությունը։ Նա հավելեց, որ առաջիկայում սպասվում են մի շարք նոր նախագծեր, որոնք կբացահայտի ավելի ուշ։

Սյունե Առաքելյան

Comments (0)
Add Comment