«Հայերը գրում են հայերին․ Հայաստանից դուրս ոչ ոք այս մասին չի գրում»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը խոսել է Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է ապրիլի 11-ին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին իրականացված նոր ագրեսիային ու քննադատել համաշարհային մամուլին լռության համար։ Ըստ նրա՝ սա վկայում է մարդկության ձախողման մասին։

«Կրկին եկել եմ խոսելու այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում, քանի որ ոչ ոք այդ մասին չի խոսում․ ոչ մի լուսաբանում՝ մամուլում, ռադիոյում կամ հեռուստատեսությունում։ Ոչ ոք չի քննարկում ադրբեջանցի զինվորների այդ բարբարոսական քայլերը, որոնք փորձում են իրականացնել էթնիկական ոչնչացում եւ 21-րդ դարի ցեղասպանություն՝ անմեղ հայերի նկատմամբ։ Այս ամենը շարունակվում է ամեն օր»,-տեսանյութում ասում է Օրկյանը։ «Գրվում է այն մասին, որ Ադրբեջանը կրկին հայ զինվոր է սպանել, եւ մարդիկ անհանգստանում են, որ այդ երկիրը նոր պատերազմ կսկսի։ Միակ մարդիկ, ովքեր գրում են այս ամենի մասին, հայերն են, որոնք գրում են հայերին։ Իսկ Հայաստանից դուրս ոչ ոք այս մասին չի գրում։ Ես այսօր կարող եմ մոտենալ Բրիտանիայում ցանկացած մեկին եւ հարցնել՝ գիտե՞ս՝ ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, եւ նա ոչինչ չի իմանա։ Ահա, թե որտեղ է մարդկությունը ձախողում։ Իսկապես, արդեն բավական է»,-հավելել է նա։

Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Փոխհրաձգության հետեւաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ 

Comments (0)
Add Comment