Վերջին տարիներին առաջին անգամ կփոխվի WhatsApp մեսենջերի դիզայնը Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։
Նշվում է, որ Android-ի համար WhatsApp-ի 2.23.8.4 կոդով բետա տարբերակում հայտնաբերվել է գլխավոր էջի թարմացված դիզայն։ Կայքը նշում է, որ դա վկայում է այն մասին, որ WhatsApp-ի ինտերֆեյսը, ըստ երևույթին, կփոխվի և ավելի նման կլինի iPhone-ի տարբերակին․ մեսենջերի էկրանի ներքևում կհայտնվի նավիգացիոն պանել։ Ընթացիկ տարբերակում հավելվածի բաժինները գտնվում են էկրանի վերին հատվածում։
«Ինչպես տեսնում եք այս սքրինշոթում, WhatsApp-ն իսկապես մշակում է հավելվածի համար հարմարեցված ինտերֆեյս՝ ներդնելով ներքևի նավիգացիոն պանելը: Ներքևի նավիգացիոն պանելի շնորհիվ օգտատերերի համար անկասկած ավելի հեշտ կլինի անցնել հավելվածի տարբեր բաժիններով, քանի որ դրանք հեշտությամբ հասանելի կլինեն էկրանի ներքևի մասում»,- գրում է կայքը:
WABetaInfo-ն բացատրում է, որ WhatsApp-ի՝ Android-ի և iOS-ի համար նախատեսված հավելվածների ինտերֆեյսի տարբերությունը հաճախ շփոթեցնում է այն օգտատերերին, որոնք մի հարթակից մյուսն են անցնում։ Այս լուծումը նախատեսված է լինելու հենց այս խնդիրը լուծելու համար։ Բացի դրանից, օգտատերերը վաղուց են խնդրում մեսենջերի մշակողներին թարմացնել հավելվածի դիզայնը և այն դարձնել ավելի ժամանակակից, իսկ կառուցվածքը՝ ավելի տրամաբանական։
WhatsApp-ի թարմացված ինտերֆեյսը դեռ մշակման փուլում է և կթողարկվի մեսենջերի հետագա թարմացման հետ միասին, իսկ թե երբ կթողարկվի հաջորդ թարմացումը, դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ի 2.23.8.2 բետա տարբերակում նոր գործառույթ է գործարկվել, որը նպատակ ունի բարձրացնել օգտատերերի գաղտնիության մակարդակը։ Նոր գործառույթը թույլ է տալիս կողպել առանձին չատերը՝ դրանց մուտք ապահովելով միայն մատնահետքի կամ գաղտնաբառի միջոցով։ Փաստացի այն ավելացնում է անվտանգության լրացուցիչ օղակ՝ պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմերից:
WhatsApp մեսենջերը վերջերս մի շարք այլ գործառույթներ է թողարկել և հայտարարել, որ 2023-ին բազմաթիվ նորարարություններ են սպասվում։