Բրյուսելի Bozar ռեստորանի հայազգի շեֆ խոհարար Կարեն Թորոսյանն արժանացել է Michelin-ի երկրորդ աստղին։
Երկար տարիներ է, ինչ Կարեն Թորոսյանը Bozar ռեստորանի առաջատար խոհարարն է։ Խիստ եւ պահանջկոտ խոհարարը վերաիմաստավորում է դասական բաղադրատոմսերը՝ դրանց հաղորդելով իր անձնական մոտեցումն ու զգացմունքները։ Նա համբերատար եւ բարեխիղճ կերպով է զարգացրել իր ռեստորանն ու նորարարական խոհանոցը, իսկ արդյունքը եղան MICHELIN-ի երկու աստղերը:
«Մենք աշխարհի ամենագեղեցիկ մասնագիտությունն ունենք»,-Բերգենի թագավորական թատրոնում հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը ստանալիս ասել է Թորոսյանը,-«Խոհարարությունն ավելին է, քան կիրքը, այն կոչում է»:
Նա նաեւ հավելել է, որ երբ 25 տարի առաջ եկել էր Բելգիա, ոչինչ չուներ, անգամ ֆրանսերեն չէր խոսում։
«Իսկ հիմա ես կանգնած եմ այստեղ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ժան Պիեռ Բրունոյին, որի շնորհիվ ես սիրահարվեցի ռեստորանների աշխարհին, եւ Դեյվիդ Մարտինին՝ առաջին մարդուն, ով իսկապես հավատաց ինձ: Բախտավոր եմ, որ հինգ տարի առաջ նա ինձ հնարավորություն տվեց վերցնել ռեստորանի ղեկավարությունը եւ հավատաց ինձ։ Ռեստորանների աշխարհը խելագար մի վայր է, բայց դա լավագույն աշխատանքն է աշխարհում: Միայն նրանք, ովքեր դրա մեջ են, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ»։
Michelin-ի աստղը խոհարարական ոլորտի բարձրագույն գնահատականն է: Այսպիսի աստղեր շնորհվում են, հատկապես, բարձր մակարդակ ունեցող ռեստորաններին: Բարձրակարգ ճաշարանները կարող են արժանանալ մեկից մինչեւ երկու կամ երեք աստղերի, եւ այդ պարգեւը բաղձալի է ողջ աշխարհի խոհարարների համար: Առաջին անգամ աստղային այս համարգը ներկայացվել է 1926 թվականին՝ մեկ աստղով, որը տրվել է, որպես «շատ լավ ռեստորան»: Երկրորդ եւ երրորդ աստղերը ավելացվել են 1933 թվականին։ Երկու աստղը նշանակում է, որ տվյալ ռեստորանում «հիանալի են պատրաստում, եւ այնտեղ արժի շրջայց կազմակերպել», իսկ երեք աստղը «բացառիկ խոհանոցի» խորհրդանիշն է։