«Օսկար 2023»-ն այլեւս պատմություն է․ ինչպես ամեն տարի, այս տարի եւս այն հիշվեց ոչ միայն տարվա լավագույններով, այլեւ կարմիր գորգի աստղային կերպարներով։ Այս հատվածն, ի դեպ, ամեն տարի ամենաքննարկվողն է դառնում։ Այս տարվա կարմիր գորգը ոչ ավանդական էր՝ կարմիրի փոխարեն՝ շամպայնագույն։
95-րդ մրցանակաբաշխության նորաձեւության մեջ գերիշխում էին էլեգանտ սիլուետներն ու զգեստները։ Շատերը փորձել էին համապատասխանել հենց «կարմիր գորգի» երանգին։
Լավագույն դերասանուհի ճանաչված Միշել Յեոն նախընտրել էր մինչեւ հատակը հասնող սպիտակ զգեստ՝ Dior-ից։ Դերասանուհին այն համադրել էր ադամանդյա զարդերով (լուսանկարը՝ Mike Coppola/Getty Images):
Լավագույն դերասանուհու անվանկարգում նոմինացված Քեյթ Բլանշեթն ընտրել էր Louis Vuitton-ից նրբագեղ զգեստ՝ թավշյա կապույտ վերնազգեստով ու երկար, սեւ ատլասե ուղիղ շրջազգեստով (լուսանկարը՝ Eric Gaillard/Reuters):
Երկրորդ երեխային սպասող Ռիհաննան իր գեղեցիկ փորիկը ցուցադրել էր Alaïa-ի սեւ կիպ զգեստով, որի շրջազգեստն ունի տարածվող փեշ։ Երգուհին կրում էր նաեւ Moussaieff բրենդի զարդեր (լուսանկարը՝ Eric Gaillard/Reuters):
Նիկոլ Քիդմանն իրեն հատուկ նրբագեղությամբ փայլեց Armani Privé սեւ երկար զգեստով, որը զարդարված էր ծաղկային հավելումներով (լուսանկարը՝ Gilbert Flores/Variety/Getty Images):
Սալմա Հայեքն ընտրել էր Gucci-ի պսպղուն զգեստը, որը կրկին սազում էր գորգի գույների հետ (լուսանկարը՝ Arturo Holmes/Getty Images):
Այս տարի սպիտակ գույնը, կարծես, գերիշխում էր․ դերասանուհի Էմիլի Բլանթն, օրինակ, նախընտրել էր Valentino-ից նրբագեղ այս զգեստը՝ առանց ավելորդ շքեղության ու ծանր զարդարանքների (լուսանկարը՝ Kayla Oaddams/WireImage/Getty Images):
Եվա Լոնգորիան կրում էր թափանցիկ շքեղ սպիտակ զգեստ՝ Zuhair Murad-ի գարուն-ամառ 2023 հավաքածուից (լուսանկարը՝ Arturo Holmes/Getty Images):
Սպիտակ գույնն էր նախընտրել նաեւ դերասանուհի-երգչուհի Սոֆիա Կարսոնը։ Նրա շքեղ, ծավալուն զգեստը Giambattista Valli Haute Couture-ից էր (լուսանկարը՝ ABC):
Մոդել Կարա Դելեւինն, իսկապես, ցնցեց կարմիր գորգն իր կարմիր ու վառ զգեստով, որն ընտրել էր Elie Saab-ի հավաքածուից (լուսանկարը՝ Mike Coppola/Getty Images):
Պլյուս չափսի մոդել Էշլի Գրեմն իր շքեղ մարմինը ցուցադրել է Alberta Ferretti-ի սեւ, թափանցիկ զգեստով։ Մոդելն ընտրել էր նաեւ զարդեր՝ Pandora բրենդից (լուսանկարը՝ Arturo Holmes/Getty Images):