Ինչպես համադրել գինին եւ սնունդը, որպեսզի հասնենք ներդաշնակության։ NEWS.am STYLE-ը այս հարցի շուրջ զրուցել է գինեգործ Աննա Վարլամովայի հետ։ Այժմ դուք կսովորեք, թե ինչպես ճիշտ համադրել ձեր խոհարարական գլուխգործոցները գինով եւ զարմացնել հյուրերին կատարյալ համային համադրություններով:
Էնոգաստրոնոմիա
Էնոգաստրոնոմիան գիտություն է, որն ուսումնասիրում է որոշակի ուտեստի համար գինու գրագետ ընտրությունը: Արդյունքում ունենում ենք լիարժեք ճաշ կամ ընթրիք, որը բաղկացած է ոչ միայն հիանալի ընտրված առաջին եւ երկրորդ ճաշատեսակներից, այլեւ նրանց համար խնամքով ընտրված խմիչքից, որը թույլ է տալիս հաճելիորեն լրացնել կերակուրը եւ ամբողջացնել վերջնական տպավորությունը: «Էնոգաստրոնոմիա» բառը բաղկացած է երկու մասից՝ «էնո» հունարեն նշանակում է «գինի», իսկ «գաստրոնոմիա»-ն սնունդ ընտրելու եւ պատրաստելու արվեստն է։ «Էնո» նախածանցը հաճախ կարելի է գտնել բառերում, որոնք էլ այս կամ այն կերպ մատնանշում են բառի կապը գինու կամ դրա արտադրության հետ։
Գինու համադրության հիմնական սկզբունքները
Սննդի մեջ կան երկու բաղադրիչ, որոնք ուժեղացնում են գինու մասին մեր ընկալումը եւ, ընդհանուր առմամբ, անմիջական կապ ունեն գաստրոնոմիկ ընթրիքների եւ ճաշերի հետ․ դրանք են աղն ու թթվայնությունը: Աղի մթերքների հետ չոր գինիները ավելի փափուկ, հագեցած, մրգային եւ նաև ավելի քիչ թթվային են լինում: Օրինակ՝ ապխտած սաղմոն եւ վարդագույն Կոտ դե Պրովանս, այծի պանիր և սպիտակ Սանսեր:
Թթված սնունդը նույնպես լավ է սազում գինու հետ․ այստեղ հիմնական կանոնն այն է, որ գինին պետք է ավելի թթու լինի, քան սնունդը։ Օրինակ՝ ձուկ՝ կիտրոնի հյութով եւ Սավինյոն Բլանով:
Ի հակադրություն նախորդ երկու բաղադրիչների, կան այնպիսիք, որոնք բարդացնում են գինու ընտրությունը։ Դրանցից մեկը շաքարավազն է։ Քաղցր ուտելիքների հետ համադրվելիս չոր գինիները կթվան կոշտ, թթու եւ դառը: Ավելին, բերանում ալկոհոլի զգացողությունը կբարձրանա։ Ահա, թե ինչու չեք սիրում գինին, երբ այն խմում եք տորթի հետ: Աղանդերի համար անհրաժեշտ է ընտրել քաղցր գինիներ, ընդ որում՝ ավելի քաղցր, քան հենց ճաշատեսակը։ Օրինակ՝ Amarone եւ շոկոլադե ֆոնդ, Tarte Tatin եւ Սոտերն:
Հորթի միսն ավելի նուրբ է, քան տավարի միսը, ուստի անհրաժեշտ են համապատասխան գինիներ։
Սխտորով եւ հազրեւարդով տապակած կոտլետների համար վերցրեք Sangiovese, Rosso di Montalcino, որոնք կատարյալ կլինեն: Շիանտին և Ներոն դ’ավոլան նույնպես հարմար են: Վիեննական շնիցելի կամ հորթի միլանյան մսի համար, որոնց դեպքում բարակ սթեյքը տապակվում է հացի փշրանքների մեջ, լավ ընտրություն կլինեն միջին մարմնեղության սպիտակ գինիները, որոնք թթվայնության բարձր մակարդակ ունեն, օրինակ՝ Գրյուներ Վելտլիներ, Ռիսլին կամ Սովինյոն Բլան:
Հորթի միսը նրբաճաշակ Վիտելլո Տոնանտոյի հիմքում է ընկած: Նախապես մարինացված փափկամիսը եփում են, սառեցնում եւ մատուցում թունայի, անչոուսի եւ մայոնեզի սոուսով՝ կապարի հետ միասին։ Նման նուրբ եւ բարդ ուտեստը լավագույնս համադրվում է սպիտակ գինիների հետ, առաջին հերթին՝ Գավիի, որը նույնպես Պիեմոնտից է: Հարմար են նաեւ այլ սպիտակ չոր գինիներ Իտալիայից՝ Վերմենտինո, Շարդոնե, որակյալ Պինո Գրիջո Ալտո Ադիջից։ Կարմիրներից տրամաբանական է ընտրել թեթեւ, ցածր դաբաղ գինիներ՝ Բուրգունդիայի տարածաշրջանային Պինո Նուարը, Բարդոլինոն, Պինո Ներոն՝ Իտալիայի հյուսիսից։
Խոզի միսը ինչ-որ տեղ նման է հորթի մսին` թեթեւ, քնքուշ, հեշտ է չորանում: Խոզի մսով կերակրատեսակների հետ հետաքրքիր են համադրությունները ինչպես կարմիր, այնպես էլ թթվային սպիտակ գինիներով։