Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան «ԴիջիԹեք 2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։
Համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլոք։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։
Կազմակերպիչները նշում են, որ ավելի քան 800 մասնակից գրանցվել է համաժողովին և այս պահին մնացել են սահմանափակ քանակությամբ տեղեր։
«Կոնֆերանսի օրակարգն ու հաստատված խոսնակների ցանկն այժմ վերջնական են, և մենք սպասում ենք միջոցառման կայացմանը,- նշեց «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը: — Մեր նպատակն է կազմակերպել միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս ամբիցիոզ թեք պետությունների համար և վստահ եմ, որ հաջողությամբ իրագործում ենք մեր առաջ դրված խնդիրը»։
Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուհագեռ՝ կան նաև լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ «ԴիջիԹեքն» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։
Ապա տեղի կունենա «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը՝ «Դիջիթեք 2022» համաժողովի շրջանակներում։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հիշեցնենք, որ ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ Միջոցառման վերաբերյալ մանրամասների համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ www.digitec.am: