«Դոն Կիխոտը»՝ նոր մոտեցմամբ. Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան հայտնի բալետի պետական ակադեմիական թատրոնը մարտի 3-ին եւ 4-ին հյուրախաղերի շրջանակում ելույթ կունենա Երեւանում: Բալետի թատրոնի արտիստները կներկայացնեն Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին՝ դիրիժոր Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշեւսկիի գլխավորությամբ: Ներկայացումները կկայանան Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում:

 Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այսօր՝ մարտի 2-ին կայացած ասուլիսին նշեց,-«Շատ մեծ պատիվ է Հայաստանում այսպիսի թատրոնի հյուրընկալելը: Բալետային թատրոնը կենտրոնացված է միայն բալետային մշակույթի վրա, եւ մենք նրանց մատուցմամբ միայն բալետային գործեր ենք վայելում: Ինձ համար շատ հաճելի է այստեղ տեսնել մի թատրոնի, որը կրում է հայտնի խորեոգրաֆ Լեոնիդ Յակոբսոնի անունը»:

Յակոբսոնի կապը Հայաստանի հետ ամրապնդվել է նաեւ Արամ Խաչատրյանի հետ ծանոթությամբ.  «Առաջին անգամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրվել է Մարիինյան թատրոնում: Բեմադրիչը եղել է Յակոբսոնը: Մոտավորոպես 800 կոստյում է ստեղծվել այդ ներկայացման համար, եւ այն համարվել է ամենաշքեղ բեմադրություններից մեկը: Շատ հաճելի է, որ այդ երկու մեծերը  համատեղ աշխատել են: Մի հետաքրքիր դեպք է պատահել նրանց միջև: 1956 թվականին Սանկտ Պետերբուրգի Նեիսկի պողոտայի վրա  երկու ջենտլմեն  լուրջ վիճում են, ինչը վերածվում է կռվի:  Անցորդները ոստիկանություն են կանչում, եւ նրանք ջենտլեններին տանում են բաժին: Պարզվում է՝ վիճում են Խաչատրյանն ու Յակոբսոնը: Վեճի պատճառն այն է, թե  ինչու է կրճատվել բալետի այս կամ այն մասը և այլն: Սանկտ Պետերբուրգում հաճախ են պատմում այս պատմությունը, երբ խոսում են Խաչատրյանի  ու բալետի մասին, պատմությունն անգամ գրքերում է ներառվել»,-հիշեցրեց Դուրգարյանը:

Ասուլիսին ներկա էին նաեւ Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ֆադեեւ Անդրիան Գուրիեւիչը եւ բալետի առաջատար պարողներ Ելենա Չերնովան ու Վյաչեսլավ Սպիլչեւսկին, ովքեր էլ մարմնավորում են գլխավոր հերոսներին: Թատրոնի կազմը ոգեւերված է հայաստանյան առաջին շրջագայությամբ: Արտիտները նշում են՝ այստեղ դիտավորյալ անջատել են ինտերնետը, փորձում են զբոսնել Երեւանով ու հնարավորինս շատ շփվել հայերի հետ: Ըստ Սպլիչեւսկու՝ հենց այդպես կարելի է լիարժեք ծանոթանալ երկրի մշակույթին: Հայ հանդիսատեսին նրանք խոստաացան ցուցադրել նոր «Դոն Կիպոտ»՝ օրիգինալ բեմադրությամբ ու ինքնատիպ մոտեցմամբ:

Սանկտ Պետերբուրգի Լեոնւդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը Երեւանում ելույթ կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Թատրոնն ունի 50-ամյա պատմություն. այսօր Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը երկրի ամենաուժեղ բալետային խմբերից է՝ Սանկտ Պետերբուրգի «Ոսկե Սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր:

Սյունե Առաքելյան

Comments (0)
Add Comment