Ինչպիսի՞ն կլինի iPhone 15 Pro Max-ը․ նոր լուսանկարներ են հրապարակվել

Հեղինակավոր ինսայդեր Ice Universe-ը հրապարակել է iPhone 15 Pro Max-ի մանրամասն ռենդերնինգը (վիզուալիզացիան), որը հիմնված է նախկինում արտահոսած CAD ֆայլում եղած տվյալների վրա:

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ իր չափերով iPhone 15 Pro Max-ը կտարբերվի իր նախորդից․ ավելի փոքր կլինի հեռախոսի ինչպես բարձրությունը, այնպես էլ լայնությունը։ Միաժամանակ, նորույթը 0,4 մմ-ով ավելի հաստ կլինի, քան iPhone 14 Pro Max-ը։

Ըստ երևույթին, iPhone 15 Pro Max-ի տեսախցիկի բլոկն ավելի քիչ դուրս ցցված կլինի. այն 0,59 մմ-ով փոքր կլինի iPhone 14 Pro Max-ի տեսախցիկների բլոկից: Բացի դրանից, լուսանկարներից պարզ է դառնում, որ սմարթֆոնի եզրերը կդառնան կոր։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ սարքն ավելի հարմարավետ կլինի ձեռքում պահելու համար։

Հատկանշական է, որ լուսանկարներում բացակայում են ձայնի և միացման կոճակները: Հավանաբար iPhone 15 Pro-ն, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, իսկապես կստանա սենսորային կոճակներ:  

Ակնկալվում է, որ iPhone 15 սմարթֆոնների շարքի շնորհանդեսը տեղի կունենա 2023 թ. սեպտեմբերին։

Ավելի վաղ 9to5Mac կայքը հրապարակել էր iPhone 15 Pro սմարթֆոնի բացառիկ վիզուալիզացիաներ, որոնք հիմնված էին 3D դիզայներ Յան Զելբոյի գծագրերի վրա։ Լուսանկարներից երևում էր, որ Apple-ի առաջատար սմարթֆոնում դիզայնի որոշ էական փոփոխություններ են նախատեսվում։



Ամենաուշագրավ փոփոխությունը, թերևս, Lightning միակցիչից անցումն էր դեպի ավելի հայտնի և հիմնական USB-C-ի։ Lightning միակցիչն iPhone-ի և Apple-ի աքսեսուարների մեծ մասում կիրառվում է 2012-ից ի վեր։

Մյուս փոփոխությունը եզրերի կորությունն էր ինչպես ապակու, այնպես էլ մետաղական շրջանակի վրա։ Ապակին մի փոքր թեքված է եզրերի շուրջը՝ ավելի հարթ անցում ապահովելով դեպի շրջանակը, որը նույնպես ավելի կոր է, քան նախկինում: Դրա շնորհիվ հեռախոսը ձեռքում պահելը կարող է ավելի հարմարավետ դառնալ։

Այդ ժամանակ հրապարակված վիզուալիզացիաները նույնպես հաստատել էին, որ հետևի տեսախցիկի հատվածի ելուստը ավելի հաստ է, քան նախկին մոդելինը, ինչը լրատվամիջոցներին առիթ էր տվել ենթադրելու, որ Apple-ը կարող է թարմացնել տեսախցիկի համակարգը: Տեսախցիկի դասավորությունը նույնն էր, ինչ iPhone 14 Pro-ի դեպքում է՝ երեք ոսպնյակով և LiDAR-ով, որոնք դասավորված են քառակուսի մոդուլի մեջ:

Գծագրերը, որոնց հիման վրա ստեղծվել էին վիզուալիզացիաները, Apple-ը տրամադրում է Ասիայում գտնվող գործարաններին հեռախոսների պատյաններ պատրաստելու համար: Սա անհրաժեշտ է, որպեսզի սարքի գործարկման ժամանակ աքսեսուարներն արդեն հասանելի լինեն:

Comments (0)
Add Comment