Դառն օրերին դիմանալու եւ ինչ-որ մեկի «նամռոտ» դեմքը մոռանալու համար, պարզապես, պետք է շաքար ուտել, կամ՝ արդեն նաեւ վայելե, LADANIVA խմբի «Շաքար» երգը: Մեր հայրենակցուհի Ժակլին Բաղդասարյանն իր խմբի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ երգչուհու քացր երգեցողությունը, միանալով հումորային տարրերին, դրական լիցքեր է հաղորդում թե լսողին, թե դիտողին:
Երգը հեղինակել են Ժակլինը եւ Լյուի Թոմասը, որին եւս կտեսնեք տեսահոլովակում: Քաղցր են անգամ ընտրված գույները՝ կապույտի ֆոնին երգչուհին խայտաբղետ քաղցրավենիք է պատրաստում: Տեսահոլովակի ռեժիսորը Ալեքսիս Յուսլան է: Այստեղ Ժակլինին տեսնում ենք երկու հյուսքով, թեթեւ ու գունեղ կերպարներում, նույնսիկ՝ հնդկական տարրերի լրացմամբ:
Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է 13 ժամ առաջ, այս պահի դրությամբ՝ ունի 13 հազարից ավել դիտում:
Հետաքրքիր են նաեւ դրա ներքո արված մեկնաբանությունները: «Սա պետք է ուղարկել «Եվրատեսիլ»»,-գրել է օգտատերերից մեկը: «Շուտով այն կհավաքի միլիոնավոր դիտումներ եւ մեծ դահլիճներ: Այն շատ էսթետիկ է, մշակութային, ճաշակով, հումորով ու հրաշալի կատարված»,-գրել է մեկ այլ օգտատեր:
Մինչ «Շաքարը» սպասում է իր «աստղային ժամին», խմբի ամենահայտնի հիթը՝ «Քեֆ չի լինի»-ն YouTube-ում արդեն հատել է 25 միլիոնի սահմանը: