Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն կարող է հեռացվել փարիզյան թիմից արդեն հաջորդ ամիս, եթե չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» արգելքը, հաղորդում է RMC Sport-ը։
Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում ՊՍԺ-ն գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմին պարտվել է 0:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մարտի 8-ին։
ՊՍԺ-ն կձգտի համաձայնության հասնել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ։
ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է Կրիստոֆ Գալտիեի աշխատանքից։ Մեկ շաբաթում փարիզյան թիմը երեք պարտություն է կրել՝ «Մարսելից» (1:2) Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, «Մոնակոյից» (1:3) Ֆրանսիայի առաջնությունում եւ «Բավարիայից» (0:1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։