Ռուսական Caviar ապրանքանիշը ներկայացրել է Samsung Galaxy S23 շարքի հիման վրա ստեղծված շքեղ սմարթֆոններ։ Դրանցից ամենաթանկը Samsung Galaxy S23 Ultra Pure Gold-ն է, որն արժե մոտ 50,000 ԱՄՆ դոլար:
Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ այս սարքի կորպուսն ամբողջությամբ պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և զարդարված է 8 թանկարժեք ադամանդներով և ռելիեֆային նախշերով՝ «ոգեշնչված կորնթյան կարգի դասական ճարտարապետությամբ»։ Այս շարքը, ինչպես և սպասվում էր, սահմանափակ է և ներառում է ընդամենը 23 սմարթֆոն։
Pure Gold ոսկե մոդելը կարող է հավաքվել նաև Samsung Galaxy S23-ի և Samsung Galaxy S23+-ի հիման վրա, որոնք մի փոքր ավելի էժան կլինեն, քան Samsung Galaxy S23 Ultra-ն:
Շքեղ շարքի մյուս մոդելները՝ Metropolis, Rage, Bird of Paradise, Blade, Skull և Firebird, մի փոքր ավելի համեստ են, բայց դրանցից յուրաքանչյուրն ստացել է յուրօրինակ դիզայն։
Շարքի ամենաէժան մոդելը՝ Samsung Galaxy S23/S23+/Ultra Rage-ը, կարժենա շուրջ 5500 դոլար: Սարքի պատյանը պատրաստված է ավտոմոբիլային ածխածնի սև մանրաթելից, շրջանակը՝ սև տիտանից՝ դիմացկուն PVD ծածկույթով և դեկորատիվ պտուտակներով։ Սահմանափակ շարքը ներառում է ընդամենը 99 հեռախոս։
Վերջերս Caviar-ը ներկայացրել էր նաև շքեղ iPhone 14 Pro The Great և Phone 14 Pro The Iconic մոդելները՝ նվիրված 2022 թ․ Քաթարում անցկացված Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը: Երկու հեռախոսներն էլ թողարկվել էին սահմանափակ քանակով։ Թողարկվել էր ընդամենը 22 հատ iPhone 14 Pro The Great, որոնց վրա տեղադրված էր չեմպիոնության՝ մաքուր 24 կարատանոց ոսկյա խորհրդանիշը. 22 թիվը խորհրդանշում էր հանդիպմանը մասնակցող խաղացողների քանակը։
The Iconic մոդելը մի փոքր ավելի համեստ էր. զարդանախշը պատրաստված էր ավիացիոն տիտանից՝ փայլեցման հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, բայց առանց կրկնակի ոսկեպատման: iPhone 14 Pro 128 Gb The Iconic-ի գին սկսվում է 6500 դոլարից:
Վերջերս Caviar-ը պատրաստել է նաև ամենաթանկ iPhone 14 Pro Max-ը Graff ադամանդներով, որն արժե մոտ 426,000 դոլար։