«Ալաշկերտի» սպորտային տնօրեն է նշանակվել 28-ամյա ռուսաստանցի Նիկիտա Պոլուխինը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նա ֆուտբոլային գործունեությունը սկսել է 2017-ին՝ համալրելով Մոսկվայի «Արարատի» սելեկցիոն բաժինը, այնուհետև նույն աշխատանքը կատարել է հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում՝ բացահայտելով երիտասարդ տաղանդների Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից:
Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի: Մինչև 2021 թվականը սկաուտի գործառույթներ է կատարել «Ուրարտուում», իսկ 2021-2022-ին գլխավորել է «Նորավանքի» սելեկցիոն բաժինը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանին՝ վստահության համար:
«Ալաշկերտը» հաղթական ավանդույթներով ուժեղ ակումբ է: Ամեն ինչ կանեմ թիմի նոր հաջողություններին նպաստելու համար: Սա նոր մարտահրավեր է, որը պետք է պատվով հաղթահարել:
Աշնանային հատվածից հետո թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, այդ իսկ պատճառով Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբի հետ միասին հիմնովին սելեկցիա ենք կատարում՝ բացերը լրացնելու և թիմը էլ ավելի ուժեղացնելու համար:
Կարող եմ ասել, որ սելեկցիոն աշխատանքները բավականին հաջող են ընթանում: «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են փորձառու, լավ ակումբներում և առաջնություններում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ:
Վստահ եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Պոլուխինը:
«Ալաշկերտը» փետրվարի 1-ին ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Ենիսեյի» հետ։