TikTok-ի գլխավոր տնօրեն Շոու Զի Չուն մարտին ցուցմունք կտա ԱՄՆ Կոնգրեսի էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի առջեւ, քանի որ օրենսդիրները հանգամանորեն ստուգում են տեսանյութերի փոխանակման չինական հավելվածը, հայտնում է Reuters-ը։
Չուն ցուցմունք կտա մարտի 23-ին, ինչը նրա առաջին ելույթը կդառնա Կոնգրեսի հանձնաժողովի առջեւ, երկուշաբթի ասել է հանձնաժողովի նախագահ Քեթի Մակմորիս Ռոջերսը:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ծրագրում է փետրվարին քվեարկել օրինագծի շուրջ, որն ուղղված է ԱՄՆ-ում ազգային անվտանգության նկատառումներով TikTok-ի օգտագործումն արգելափակելուն։
TikTok-ն ուրբաթ հայտարարել է, որ «TikTok-ի ամբողջական արգելքի կոչերը հատվածական մոտեցում են ազգային անվտանգությանը եւ հատվածական մոտեցում ոլորտի լայնածավալ խնդիրներին, ինչպիսիք են տվյալների անվտանգությունը, գաղտնիությունը եւ համացանցում վնասը»:
Կոնգրեսական Մակմորիս Ռոջերսը եւ Հանրապետական կուսակցության այլ օրենսդիրներ TikTok-ից ավելի շատ տեղեկություններ են պահանջել: Նրանք ուզում են իմանալ երիտասարդության վրա դրա ազդեցության մասին՝ վնասակար բովանդակության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, եւ նրանց լրացուցիչ մանրամասներ են անհրաժեշտ հարթակում անչափահասների պոտենցիալ սեռական շահագործման մասին, ասվում է կոնգրեսականների հայտարարության մեջ:
Երեք տարի շարունակ TikTok-ը, որն ունի ավելի քան 100 միլիոն ամերիկացի օգտատեր, փորձում էր վստահեցնել Վաշինգտոնին, որ ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալները հասանելի չեն կարող լինել, եւ որ դրա բովանդակությունը «չի կարող մանիպուլյացիայի ենթարկվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության կամ Պեկինի ազդեցության տակ գտնվող որեւէ մեկի կողմից»։
ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների կոմիտեն (CFIUS) 2020 թվականին ByteDance-ին պարտավորեցրել է վաճառել TikTok-ը՝ մտահոգված լինելով, որ ԱՄՆ օգտատերերի տվյալները կարող են փոխանցվել Չինաստանի կառավարությանը:
CFIUS-ը եւ TikTok-ը բանակցություններ են վարում ավելի քան երկու տարի՝ փորձելով հասնել ազգային անվտանգության շուրջ համաձայնության՝ TikTok-ի ամերիկացի օգտատերերի տվյալները պաշտպանելու համար: