Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է և հասել վերջին ութ տարվա ամենացածր մակարդակին։ Ինչպես տեղեկացնում է CNN-ը, պատճառն այն է, որ ընկերությունն այս եռամսյակի ընթացքում ավելի քիչ բջջային հեռախոսներ և նոութբուքներ է կարողացել վաճառել։
Տեխնոլոգիական հսկայի 4-րդ եռամսյակի (ավարտվել է դեկտեմբերին) գործառնական շահույթը կազմել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 69%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընկերության տարածած հայտարարությունում նշվում է, որ եկամուտը նշված ժամանակահատվածում նվազել է 8%-ով՝ մի փոքր պակաս 57,3 միլիարդ դոլարից։
Սա ընկերության եռամսյակային ամենացածր շահույթն է 2014 թ․ երրորդ եռամսյակից ի վեր, երբ Samsung-ի սմարթֆոնների բիզնեսը լուրջ կորուստներ ունեցավ և զիջեց իր դիրքերը մրցակիցների նկատմամբ:
«Համաշխարհային տնտեսության դանդաղման պայմաններում չորրորդ եռամսյակում բիզնես միջավայրը զգալիորեն վատթարացել է թույլ պահանջարկի պատճառով»,- ասվում է Samsung-ի հայտարարությունում։
Ուշագրավ է, որ Samsung-ը հունվարի սկզբին եկամուտների նախնական կանխատեսման ժամանակ հայտարարել էր, որ սպասում է նման անկում։ Ներդրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ընկերությունը հաստատել էր, որ «բջջային սարքերի և համակարգիչների պահանջարկը թույլ է եղել», և հիշողության չիպերի բիզնեսը նույնպես տուժել է, «քանի որ խորացող անորոշությունների պայմաններում հաճախորդները շարունակել են իրենց պաշարների ճշգրտումներ անել»:
Samsung-ն ակնկալում է, որ նշված խնդիրների մի մասը կշարունակվի առաջիկա ամիսներին՝ համաշխարհային տնտեսական անորոշության պատճառով, թեև ընկերությունը նաև ակնկալում է, որ ընդհանուր պահանջարկը կսկսի վերականգնվել տարվա երկրորդ կեսից:
Ընկերության հայտարարությունում նաև ասվում է, որ «խոշոր տարածաշրջաններում տնտեսական դանդաղման պատճառով» սմարթֆոնների պահանջարկը, ամենայն հավանականությամբ, այս եռամսյակում կրկին կնվազի՝ մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս լուրերի ֆոնին Սեուլում Samsung-ի բաժնետոմսերի գինը նվազել է 3%-ով։
Samsung-ը նաև հայտնել է, որ 2022 թ․ ամբողջ տարվա ընթացքում ստացել է 245,7 միլիարդ դոլար եկամուտ, ինչը 18.3 մլրդ դոլարով ավելի է 2021 թ․ 227,4 միլիարդ դոլար ցուցանիշից։
Վերլուծաբաններն ակնկալում են, որ ընկերության շահույթը կրկին կնվազի այս եռամսյակում հիշողության չիպերի գների շարունակական անկման պատճառով: