Հայաստանում գիտությունը պետք է նպաստի երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը․ «Գիտուժ»

Հայաստանում գիտությունը պետք է նպաստի երկրի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների լուծմանը, իսկ առանց պետական պատվերի համակարգի ներդրման գիտական էկոհմակարգը չի կարող նման խնդիրներ լուծել և անարդյունավետ կդարձնի այդ համակարգի, դրա կառուցվածքային փոփոխությունների վրա ծախսվող պետական միջոցները։ Այս մասին ասվում է «Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունում, որն անդրադառնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նախաձեռնության անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը։ 

«Գիտուժ»-ի անդամները նախարարին ասել են, որ իրենց համար խիստ մտահոգիչ է հետևել գիտության կառավարման մեջ կառուցվածքային փոփոխությունների մասին քննարկումներին, երբ բուն բովանդակության մասին ոչինչ չի խոսվում։

ԿԳՄՍ նախարարը և հանդիպմանը ներկա Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել են, որ պետական պատվերի համակարգի ձևավորումը միայն ԿԳՄՍ նախարարության լիազորության դաշտում չէ։ Նախարարն իր հերթին առաջարկել է գրավոր ներկայացնել պետական պատվերի համակարգի ստեղծմանը նպաստող առաջարկները։

Ժաննա Անդրեասյանն ու Սարգիս Հայոցյանը «Գիտուժ»-ի ակտիվ անդամներին ներկայացրել են Հայաստանի գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները։ «Գիտուժ»-ի անդամներն ընդգծել են, որ գիտությանն առնչվող ցանկացած արմատական որոշում պետք է կայացնել կողմերի, այդ թվում՝ Սփյուռքի ակտիվ գիտական շրջանակների հետ քննարկելով, որոշման էությունը և կարևորությունը գիտական համայնքին կառուցողական մթնոլորտում և ճիշտ ձևաչափով հաղորդակցելով։

«Շահագրգիռ կողմերի հետ կառուցողական աշխատելաոճ և գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության միջավայր ստեղծելով է միայն հնարավոր ապահովել Հայաստանում գիտական քաղաքականության նպատակային փոփոխությունների արդյունավետ ընթացքը՝ ոչ մի դեպքում չվնասելով գիտական առանց այն էլ փխրուն համակարգին։

Այս առումով ողջունում ենք ԿԳՄՍ նախարարի, Գիտության կոմիտեի նախագահի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի՝ մեր համայնքի հետ համագործակցելու և գործընթացների թափանցիկությունը ապահովելու պատրաստակամությունը»,- ասվում է «Գիտուժ»-ի հայտարարությունում։

Հայաստանում գիտության հանրայնացման շարունակականությունը և մասշտաբայնությունն ապահովելու համար «Գիտուժ»-ն առաջարկել է երկրում ամեն տարի անցկացնել «Գիտության շաբաթ» խորագրով միջոցառում, ինչպես արվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ նախարարության համար «առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից» և առաջարկել է «Գիտուժ»-ի անդամներից և ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կազմել «Գիտության շաբաթ» միջոցառման ձևաչափը և բովանդակությունը մշակելու համար։

Comments (0)
Add Comment