Միաժամանակ կորոնավիրուսով եւ գրիպով հիվանդանալն այսօր շատ իրատեսական է, ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ներկայացուցիչ Նատալյա Պշենիչնայան։
Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանում սկսել են ի հայտ գալ հիվանդություններ, որոնք առավել ակտիվ սեզոնային վարակների՝ գրիպի եւ COVID-19-ի համադրությունն են։ Դրանցով հիմնականում վարակվում են ամուր իմունիտետ չունեցող մարդիկ, այդ թվում երեխաները։
«Ավելի հաճախ նման դեպքեր հանդիպում են թույլ իմունիտետ ունեցող մարդկանց, այդ թվում փոքր երեխաների եւ տարեցների մոտ, որոնց օրգանիզմում այդ վիրուսները կարող են երկար մնալ եւ բազմանալ շնչուղիներում»,- բացատրել է Պշենիչնայան «ՌԻԱ Նովոստի»-ի մեկնաբանություններում։
Բժիշկն ընդգծել է, որ կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակ հիվանդանալը կարող է ծայրահեղ վտանգավոր լինել դրանց հետեւանքների պատճառով։ Մասնավորապես, նման դեպքերում մեծանում է երկարատեւ եւ բարդ վիրուսային թոքաբորբի վտանգը՝ հնարավոր մահացու ելքով։
Համաճարակաբանն ավելացրել է, որ երկու վարակներով միաժամանակ վարակվելը կարելի է պարզել միայն թեստավորման միջոցով, առանձնահատուկ արտաքին ախտանշաններ չկան, հիվանդներն ունենում են տարատեսակ, շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններ։