Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցողունային բջիջներն օգտագործել են սրտի արատը բուժելու համար

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցողունային բջիջներն օգտագործել են մանկան սրտի արատը բուժելու համար։ Բրիսթոլի համալսարանի գիտնականների ձեռքբերումների մասին տեղեկացրել է Live Science-ը։

Ֆինլի անունով տղան ծնվել է Մեծ Բրիտանիայում երկու տարի առաջ։ Ծնվելուց չորս օր հետո նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։ Երեխան սրտի հազվադեպ արատ ուներ՝ գլխավոր անոթների տեղափոխություն՝ տրանսպոզիցիա։ Այս արատի դեպքում գլխավոր զարկերակը՝ աորտան, եւ թոքերի ցողունը տեղերով փոխված են լինում, ինչը հանգեցում է օրգանիզմի թթվածնային քաղցի եւ սրտային անբավարարության։

Այն բանից հետո, երբ երեխան մի քանի շաբաթ անցկացրեցինտենսիվ թերապիայի բաժամունքում, բժիշկ, Բրիսթոլի բժշկական դպրոցի սրտի բնածին արատների վիրաբուժության պրոֆեսոր Մասիմո Կապուտոն Ֆինլիի ծնողներին առաջարկեց սրտի մեջ ցողունային բջիջների ներարկման տարբերակը։ Երեխայի անոթները վնասվել էին առաջին վիրահատության ժամանակ, եւ նա շատ դանդաղ էր վերականգնվում ու կարող էր մահանալ։

Կապուտոն ստեղծել է սպեղանի, որը պարունակում է դոնորական ցողունային բջիջներ, այն վիրահատության ժամանակ պետք է կարել սրտում։ Ի տարբերություն ստանդարտ սինթետիկ սպեղանիների կամ սրտի փոխվող փականների, այդ սպեղանիները պետք չէ փոխել երեխայի մեծանալուն զուգընթաց։

Բժիշկ Կապուտոյի սպեղանին դեռեւս պետք է լրամշակվի, ուստի Ֆինլիի սրտի երկրորդ բաց վիրահատության ժամանակ մտցվել են ցողունային բջիջներ։ Գիտնականը ենթադրում է, որ դա թույլ կտա սրտին ավելի լավ վերականգնվել, եւ արյան շրջանառությունը երեխայի սրտում ավելի առողջ կլինի։ Ինչպես տեղեկացրել է Live Science-ը, ծնողները ցողունային բջիջների ներարկումից երկու շաբաթ հետո դրական փոփոխություն են նկատել Ֆինլիի առողջական վիճակում։

Comments (0)
Add Comment