Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1986 թվականից հետո առաջին անգամ։
88 հազար երկրպագուների ներկայությամբ Արգենտինայի հավաքականը «Լուսաիլ Այքոնիկ» ստադիոնում հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, որը Բրազիլիայից հետո 60 տարի անց կարող էր դառնալ տիտղոսը պաշտպանած առաջին թիմը։
Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1: Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց 4:2 հաշվով։
Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթել էր Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի հավաքականը։
5-րդ րոպեին առաջինը դարպասին հարված կատարեց Արգենտինան։ Անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը հեռվից հարվածեց եւ Ֆրանսիայի հավաքականի ու Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը որսաց գնդակը։
9-րդ րոպեին անկյունայինից հետո կողոսկրերի արմունկով հարված ստացա Ուգո Լյորիսը։ Կանոնները խախտեց նրա ակումբակից, Լոնդոնի «Տոտենհեմի» 24-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն։
17-րդ րոպեին աջ եզրով սուր գրոհ կազմակերպեց Արգենտինայի հավաքականը։ Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի փոխանցումից հետո Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Անխել Դի Մարիան բարձր հարվածեց։
19-րդ րոպեին գրեթե դիմային գծի մոտ տուգանային հարվածի իրավունք ստացավ Ֆրանսիան։ Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանն իրացրեց տուգանայինը։ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն գլխի հարված կատարեց, բայց բարձր էր, նաեւ խախտում էր գրանցվել հարձակվող թիմի կողմից։
21-րդ րոպեին Անխել Դի Մարիայի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն եւ նշանակվեց 11-մետրանոց Ֆրանսիայի դարպասին։
ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հստակ իրացրեց 11-մետրանոցը՝ բացելով հաշիվը (տեսանյութ)։
Արգենտինայի թիմի առավելությունը 36-րդ րոպեին կրկնապատկեց Անխել Դի Մարիան, որը եզրափակեց կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի փոխանցումը (տեսանյութ)։
Առաջին խաղակեսում հսկայական առավելություն ուներ Արգենտինան՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ, 6 գոլային պահերով, դարպասին կատարած 3 հարվածով։ Ֆրանսիան ոչ մի գոլային պահ չստեղծեց, ոչ մի հարված դարպասի ուղղությամբ չկատարեց։
Երկրորդ խաղակեսի սկզբում Արգենտինան զիջեց նախաձեռնությունը, սակայն վտանգավոր պահերը դարձյալ Ֆրանսիայի թիմի դարպասի մոտ էին։ 57-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Ուգո Լյորիսը փրկեց դրությունը։ Մի քանի րոպե անց Դի Մարիայի փոխանցումից հետո հարված կատարեց Մեսին։ Գնդակը հեռացրեց Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։
51-րդ րոպեին Ալվարեսի փոխանցումից հետո Մաք Ալիսթերը մենակ դուրս եկավ Ուգո Լյորիսի դեմ, որը ոտքերով հեռացրեց գնդակը։
Առաջին հարվածը Արգենտինայի դարպասի ուղղությամբ Ֆրանսիան կատարեց 70-րդ րոպեին։ Կիլիան Մբապեի հարվածը բարձր ստացվեց։
79-րդ րոպեին պորտուգալական «Բենֆիկայի» 34-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի նկատմամբ։
11-մետրանոցը հստակ իրացրեց ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն
Արդեն հաջորդ գրոհի ժամանակ Ֆրանսիան կարողացավ նաեւ վերականգնել հավասարությունը։ 81-րդ րոպեին Մբապեն արդյունավետ եզրափակեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամի փոխանցումը (տեսանյութ)։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Ֆրանսիայի հավաքականի դարպասը 109-րդ րոպեին գրավեց արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին (տեսանյութ)։
116-րդ րոպեին Մբապեն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին արգենտինացիները` 4:2 (տեսանյութ):
Արգենտինայից դիպուկ հարվածեցին Մեսին, իտալական «Ռոմայի» 29-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան, Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը եւ իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը։
Ֆրանսիայից արդյունավետ իրացրին Մբապեն ու Կոլո Մուանին, վրիպեցին Մյունխենի «Բավարիայի» 26-ամյա հարձակվող Քինգսլի Քոմանն ու Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։
Արգենտինան տիտղոսների քանակով առաջ անցավ աշխարհի կրկնակի չեմպիոններ Ֆրանսիայից եւ Ուրուգվայից։ Ռեկորդակիրը Բրազիլիան է՝ 5 տիտղոս։ Աշխարհի քառակի չեմպիոններ են Գերմանիան ու Իտալիան։
ԱԱ-2022, եզրափակիչ
Արգենտինա — Ֆրանսիա՝ 3:3, 11մ՝ 4:2 (2:2, 1:1), (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 23, 11մ, 108, Անխել Դի Մարիա, 36 — Կիլիան Մբապե, 80, 11մ, 81, 118, 11մ