Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին պատմել է, որ աշխատում է «Սեւ կարապ» ֆիլմի մոտիվներով մյուզիքլի վրա։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Արոնոֆսկին նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ է ստացվելու դրանից, սակայն իր թիմն աշխատում է նախագծի վրա։ Ռեժիսորը խոստովանել է, որ միշտ ցանկացել է մյուզիքլ բեմադրել։ Նրա խոսքով՝ ինքը ներկայացման իրականացման մի քանի գաղափար ունի թե՛ բեմում, թե՛ էկրանին։
Օրիգինալ «Սեւ կարապ»-ը թողարկվել է 2010 թվականին։ Այն պատմում է պրիմաբալերինայի եւ երիտասարդ արտիստուհու մրցակցության մասին։ Ֆիլմը նկարահանվել է հոգեբանական թրիլլերի ժանրում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Նատալի Պորթմանը, Միլա Կունիսը եւ Վենսան Քասելը։ Ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։