Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշին նվիրված հոլովակի նկարահանման բեքսթեյջը՝ լուսանկարներով

Առաջին ալիքի թիմը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշին նվիրված պրոմո հոլովակի նկարահանումներից։ Հոլովակի ռեժիսորը Արամայիս Սահակյանն է, հերոսուհին՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։ 

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը հոլն է, մրցույթի կարգախոսն է՝ «Պտտի՛ր հրաշքը»։ Հոլովակի նկարահանումներն իրականացվել են Երեւանի Կոնդ թաղամասում, Մանկական երկաթուղու այգում, Սքեյթ պարկում եւ Համալիրի տարածքում: 

Միջազգայնորեն ճանաչված խաղալիքի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին եւ զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի եւ հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

Երեւանում կայանալիք 20-րդ՝ հոբելյանական մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցում է 16 պետություն։ 


Comments (0)
Add Comment