Առողջ ապրելակերպի յոթ սովորությունների համադրությունը, այդ թվում՝ օրական յոթից ինը ժամ քունը, կանոնավոր վարժությունները եւ հաճախակի սոցիալական շփումները, կապված են 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկի հետ, ասվում է Neurology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի Առողջապահական տվյալների բազան՝ շաքարախտով եւ առանց շաքարախտի 60 եւ ավելի բարձր տարիքի 167.946 մարդ ընտրելով, ովքեր հետազոտության սկզբում դեմենցիա չունեին: Մասնակիցներն առողջության վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել, ֆիզիկական չափումներ են կատարել եւ արյան նմուշներ են հանձնել։
Յուրաքանչյուր մասնակցի համար հետազոտողներն առողջ ապրելակերպի գնահատականը հաշվել են զրոյից մինչեւ յոթ միավոր՝ յոթ առողջ սովորություններից յուրաքանչյուրի համար մեկ միավոր: Այդ սովորությունների թվում էին չծխելը, չափավոր ալկոհոլի օգտագործումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը՝ առնվազն 2.5 ժամ չափավոր վարժություններով, եւ 7-ից 9 ժամ քունը: Առողջ սնվելը եւս մի գործոն էր: Վերջին սովորությունը նստակյաց ապրելակերպն ու հաճախակի սոցիալական շփումներն էին։
Հետազոտողները մասնակիցներին հետեւել են միջինում 12 տարի։ Այս ընթացքում 4351 մարդ հիվանդացել է դեմենցիայով։ Ընդհանուր առմամբ, մարդկանց 4 տոկոսը միայն զրոյից մինչեւ երկու առողջ սովորություն ուներ, 11 տոկոսը՝ երեք, 22 տոկոսը՝ չորս, 30 տոկոսը՝ հինգ, 24 տոկոսը՝ վեց եւ 9 տոկոսը՝ բոլոր յոթը:
Շաքարային դիաբետով մարդկանց շրջանում, ովքեր հետեւում էին յոթ առողջ սովորություններից երկուսին կամ ավելի քիչ, տկարամտության զարգացման ռիսկը չորս անգամ ավելի շատ էր, քան դիաբետ չունեցող մարդկանց մոտ, ովքեր հետեւում էին բոլոր յոթ առողջ սովորություններին: Շաքարային դիաբետով մարդկանց մոտ, ովքեր հետեւում էին բոլոր սովորություններին, տկարամտության զարգացման հավանականությունը 74 տոկոսով ավելի շատ էր, քան դիաբետ չունեցող մարդկանց մոտ, ովքեր հետեւում էին բոլոր սովորություններին: