Արդեն երրորդ անգամ Երեւանում իրականություն դարձավ «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնը, որի նպատակն է լսելի դարձնել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների ձայներն ու կարողությունները։ Այս տարի փառատոնը կրեց միջազգային ձեւաչափ եւ տեւեց սեպտեմբերի 6-ից 10-ը:
Փառատոնը բացվեց ու փակվեց համերգային ծրագրերով, անցկացվեցին նաեւ սեմինարներ ու վարպետաց դասեր՝ Հորդանանից, Գերմանիայից ու Ռուսաստանից ժամանած մասնագետների կողմից։
Փառատոնի գալա-համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին՝ Գաֆեսճեան քանդակների պարտեզում։ Վերականգնողական տարբեր կենտրոնների սաների հետ մեկ բեմի վրա՝ կողք կողքի ելույթ ունեցան հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները՝ Արամ mp3-ն, Զարուհի Բաբայանը, Գոռ Սուջյանը, Hope For Coffee խումբը, Վիգեն Հովսեփյանը, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, Լիդուշիկը, Հայաստանի երգի պետական թատրոնի սաները, Արփին, Hip Hop Live խումբը եւ այլք։ Միջոցառման հանդիսավարներն էին Արտակ Վարդանյանն ու Դիանա Մալենկոն։
«Կողք կողքի» փառատոնի հիմնադիր-ղեկավար, երաժշտաթերապեւտ Նաիրա Սարգսյանի խոսքով՝ այս միջոցառումը մոտիվացնող ներուժ է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող պատանիների համար։
«Մեր նպատակն է համընդհանուր ներառումը, ցանկանում ենք ցույց տալ, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ ցանկություններն իրականացնելու ճանապարհին։ Եթե երեխաներն ունեն ինչ-որ կարողություն, նրանք դա կարող են զարգացնել, աշխատել ու ապրել՝ կյանքի կոչելով իրենց նպատակները»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է նա։
Փառատոնի առաջին համերգը տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին։ Այդ օրը ելույթ էին ունեցել նաեւ «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ Վանը, հայտնի ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանն ու Hope For Coffee խումբը։
Գալա-համերգի հետաքրքիր դրվագները՝ ֆոտոռեպորտաժում։