Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների լիգայի առաջին տուրում չեխական «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակից հետո հիացմունքով է խոսել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասին, որն այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
«Լեւանդովսկին լավագույնն է, նա նպաստում է մեր լավագույն խաղին, պրեսինգին, բազմաթիվ լուծումներ է առաջարկում գրոհելիս։ Նա հասել է բացարձակ հասունության եւ անհավանական դիտարժան է խաղում։ Նա երեք գոլ խփեց, բայց խաղում էր թիմի համար։ Ռոբերտը անհագ է գոլերի եւ հաղթանակների հարցում։ Նրա վերաբերյալ երբեք ոչ մի կասկած չենք ունեցել՝ հաշվի առնելով տարիքը կամ տրանսֆերի արժեքը։ Ռոբերտը հրաշալի մարդ է, հիանալի ֆուտբոլիստ է, թիմակից է, իսկական հաղթող է։
Հաղթանակը վստահություն է տալիս եւ բարելավում է բարոյական ոգին։ Գերազանց հանդիպում անցկացրինք, բայց մենք շատ բարդ խմբում ենք։ Էյֆորիայի տեղ չկա։ Ընդամենը 3 միավոր ենք վաստակել»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։
C խմբի մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Միլանում» 2:0 հաշվով հաղթել է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին»։
C խումբ
«Բարսելոնա» — «Վիկտորիա Պլզեն»՝ 5:1 (տեսանյութ)
Ֆրանկ Կեսիե, 13, Ռոբերտ Լեւանդովսկի, 34, 45+3, 67, Ֆերան Տորես, 71 — Յան Սիկորա, 44
«Ինտեր» — «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 25, Դանիլո Դամբրոզիո, 66, ինքնագոլ