Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։
«Խաղացինք շատ ինտենսիվ ֆուտբոլ ցուցադրող թիմի դեմ։ Ստիպված եղանք մեկնարկում լինել համբերատար։ Առաջին խաղակեսը կարող էինք ավելի լավ անցկացնել, բայց երկրորդ խաղակեսը կատարյալ ստացվեց։
Կարծում եմ՝ կատարյալ խաղ ցուցադրեց Էդեն Ազարը։ Մրցակիցը չէր կարողանում պրեսինգի դիմել, քանի որ Մոդրիչն ու Կրոսը շատ լավ էին վերահսկում կենտրոնը։ Տոնին գերազանց խաղաց»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Սելթիկի» դեմ խաղում Ազարը փոխարինման էր դուրս եկել 30-րդ րոպեին եւ գոլի հեղինակ դարձել 77-րդ րոպեին։
Ազարը նախորդ անգամ Չեմպիոնների լիգայում գոլ էր խփել 2020թ․ նոյեմբերին «Ինտերին» (2:0)։