Ռուսական «ՍՄ-Կլինիկա»-յի գաստրոէնտերոլոգ Ելենա Մորոշկինան պատմել է, թե ինչպիսին են լինում որովայնի ցավերը եւ ինչ հիվանդությունների մասին դրանք կարող են վկայել, փոխանցում է «Գազետա»-ն։
«Որովայնային ցավը կարող է անհետաձգելի իրավիճակ լինել, երբ րոպեները հաշված են: Օրինակ՝ կետոացիդոզի (այն զարգանում է 1-ին կամ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, բայց կարող է այս հիվանդությունների առաջին ախտանիշը լինել), անաֆիլակտիկ շոկի կամ դիսեկցիոն աորտայի անեւրիզմայի մասին»,- հայտարարել է փորձագետը։
Մորոշկինայի խոսքով՝ թվարկված վիճակներն ուղեկցվում են որովայնի հատվածում կտրող ու այրվող ցավերով, որոնք կարող են զարգանալ ժամերի կամ նույնիսկ րոպեների ընթացքում։
Գաստրոէնտերոլոգը հավելել է, որ որովայնի օրգանների սուր ախտաբանությանը բնորոշ, բայց այլ օրգանների եւ համակարգերի հիվանդություններից բխող ախտանշանները կեղծ որովայնային համախտանիշ են կոչվում։
Որովայնի սուր ցավը կարող է վկայել զարկերակային թրոմբոզի, թոքաբորբի, երիկամային կոլիկի, մեզի սուր կանգի, էքսուդատիվի կամ չոր պլերիտի, ինչպես նաեւ կանանց մոտ փոքր կոնքի երակների վարիկոզի կամ պրոստատիտի մասին:
«Նշված հիվանդությունների մեծ մասը կարող է խրոնիկ դառնալ, իսկ հետո որովայնի ցավը կարող է ցավոտ, ձգվող դառնալ կամ անհարմարության զգացում առաջացնել: Ուստի որովայնի ցավը միշտ բժշկի դիմել է պահանջում»,- բացատրել է Մորոշկինան:
Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տվել որովայնի շրջանում սուր ցավի դեպքում դիմել վիրաբույժի, խրոնիկ ցավի դեպքում՝ թերապեւտի կամ գաստրոէնտերոլոգի, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։