Ձեռնարկատեր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով պատրաստվում է «Հայրենիքի ուժ» կուսակցությունից առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին, ցավակցություն է հայտնել «Սուրմալու» մեծածախ շուկայում տեղի ունեցած սարսափելի պայթյունից տուժածներին։
«Օգոստոսի 14-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին տեղի ունեցավ Սուրմալու տոնավաճառի պայթյունը: Ո՞ւմ մեղադրել և ո՞վ է պատասխան տալու սրա համար։
Մենք գիտենք, որ մեկ տարի առաջ այս շենքում հրդեհային անվտանգության խախտումներ են հայտնաբերվել, սեփականատերերը վճարել են տուգանքը, բայց, ցավոք, խնդիրը չի շտկվել: Այս դեպքում հարցն այլ է , թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը տուգանքը վճարելուց հետո պատշաճ վերահսկողություն չի սահմանել։ Ես վստահ եմ, որ կան բազմաթիվ շինություններ, որտեղ չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները` այդ թվում դպրոցներ եւ մանկապարտեզներ։ Հարկավոր է անհապաղ իրականացնել աուդիտորական աշխատանք։ Նման պատահարների ժամանակ դիտարկվում է նաեւ վարկած ըստ որի, ինչ-որ մեկը, ցանկանում է ստանալ տվյալ հողատարածքը, բայց սեփականատերերը չեն համաձայնում վաճառել այն և դիմում են նման ողբերգական գործողությունների: Մենք իսկապես չէինք ցանկանա հավատալ այս վարկածին:
Պետք է սպասել համապատասխան փորձաքննության և ապացույցների: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ կանցնեն օրեր, եւ բոլորը կմոռանան դեպքի մասին, իսկ այս վայրում գուցե տեսնենք նոր բարձրահարկ շենքեր:
Խորապես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից։ Ոչ մի խոսք հիմա չի սփոփի։ Թող Աստված ամեն բան իր տեղը դնի», — գրել է Ռոտենբերգը։