Ի՞նչ պետք է լինի հանգստի համար նախատեսված դեղատուփում

Հանգստի համար նախատեսված դեղատուփում անպայման պետք է լինեն այն դեղամիջոցները, որոնք մարդն ընդունում է մշտական հիմքով, ինչպես նաեւ ջերմ իջեցնող, հակահիստամինային դեղամիջոցներ, սորբենտներ եւ առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ միջոցներ, «Москва 24»-ին ասել է թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն։

Մասնագետի խոսքով, եթե մարդն առողջական խնդիրներ ունի, որոնք մշտապես պահանջում են ընդունել այս կամ այն դեղամիջոցը որպես բազային թերապիա, ապա դրանք պետք է ունենալ հանգստյան համար նախատեսված դեղատուփում։ Ընդ որում՝ կարեւոր է, որպեսզի այդ պաշարը բավականացնի ամբողջ հանգստի ընթացքում։

Հանգստի ժամանակ կարող է այնպես պատահել, որ մարդուն անհրաժեշտ դեղերը չլինեն դեղատանը, կամ դրանց համար դեղատոմս պահանջվի։ Ուստի, ապահովագրված լինելու համար ավելի լավ է այդ ամենն ունենալ բավական քանակությամբ, ընդգծել է բժիշկը։

«Ի՞նչ կարող է մեզ սպասվել հանգստի ժամանակ։ Իհարկե, մրսածության հիվանդություններ, որոնք կարող են ուղեկցվել ջերմության բարձրացմամբ։ Ուստի դեղատուփում անպայման պետք է լինի ջերմ իջեցնող դեղ։ Պարացետամոլը հարմար է»,- ասել է թերապեւտը։

Հանգստի ժամանակ մարդը կարող է ինչ-որ անծանոթ ծաղիկների հանդիպել կամ միջատների խայթոցներ լինեն, ուստի դեղատուփում անպայման պետք է լինեն հակահիստամինային դեղամիջոցներ։ Դրանք կօգնեն ազատվել ալերգիայից, նշել է թերապեւտը։

«Ամառը  սննդային թունավորումների սեզոն է։ Մեր դեղատուփում պետք է լինեն դեղամիջոցներ, որոնք կօգնեն չեզոքացնել թունավորումը։ Դրանք են ակտիվացված ածուխը, այլ՝ ավելի ժամանակակից սորբենտները»,- հիշեցրել է նա։

Չպետք է մոռանալ նաեւ առաջին օգնության ցուցաբերման միջոցների մասին, հիշեցրել է բժիշկը։ Դրանք են վիրակապը, մանրէասպան եւ անջրաթափանց լեյկոպլաստը, հակասեպտիկ հեղուկները, որոնք պետք են կոկորդը ողողելու, եթե մրսածություն կա, ինչպես նաեւ  վերքերի մշակման համար։

«Կարելի է վերցնել նաեւ հակասեպտիկներ՝ մատիտների ձեւով։ Դրանք շատ տեղ չեն գրավում, երբեք չեն թափվում։ Մատիտ-«զելյոնկան» շատ անհրաժեշտ է մեր դեղատուփի համար»,- նշել է թերապեւտը։

Comments (0)
Add Comment