Հետևողական և նորարար լինելը բիզնեսի զարգացման մեր բանաձևն է

Հարցազրույց Hexact ընկերության Գործառնական տնօրեն Նարեկ Ամիրխանյանի հետ

Մի առիթով Hexact-ը հայտարարեց, որ ամեն շաբաթ իր պրոդուկտների վրա թարմացումներ է անում։ Ի՞նչ նպատակով է դա արվում։

Մենք հաճախորդին տալիս ենք ավելի լավ հնարավորություններ, որոնցով նա ավելի շատ աշխատանք կարող է անել, ավելի լավ բիզնես անել, ավելի մեծ արդյունք ստանալ։ Այսինքն ամեն շաբաթ թարմացումներ անելով մեր պրոդուկտն ավելի օգտակար ենք դարձնում։ Նորարարության հարցում կայունությունն ու հետևողականությունը մեր բիզնեսի զարգացման մոդելն է։ Եթե ինչ-որ պահի թուլանաս, բիզնեսն ես թուլացնելու։

Ինչպե՞ս է հաճախորդն արձագանքում։

Շատ լավ։ Հաճախորդն ամեն շաբաթ մեր նամակներին է սպասում՝ այդ շաբաթվա նոր հնարավորություններին ծանոթանալու համար։ Նրանց արձագանքներին հետևում ենք, նրանց առաջարկներին ծանոթանում ենք, հաշվի ենք առնում։ Շատ գործիքներ, որ մենք ավելացնում ենք, հենց հաճախորդների առաջարկով ենք մշակել։ Այսինքն մենք պրդուկտները կատարելագործում ենք մեր հաճախորդների հետ միասին։

Պատահու՞մ է, որ ինչ-որ շաբաթներ թարմացումներ չլինեն։

Ոչ, մեր պրոդուկների վաճառքի հենց սկզբից էլ ամեն շաբաթ ունեցել ենք նորություններ ու թարմացումներ։ Այս հարցում կայունությունը շատ կարևոր է։

Ինչպե՞ս է դա հնարավոր դարձել Ձեր ընկերության դեպքում։

Ամենակարևորը  գործը ճիշտ կազմակերպելն է․ բոլորը գիտեն, թե ինչ առաջադրանքի վրա են աշխատում, ինչ ունեն անելու այդ շաբաթվա ընթացքում։ Մեզ օգնում են նաև մեր stand up meeting-ները (ամենօրյա քննարկումները): Ամեն առավոտ ամբողջ թիմով քննարկում ենք մեր անելիքները, որոշում, թե որ աշախատանքներն են այդ օրն ու մոտակա օրերին առաջնային։ Կարևոր է առաջադրանքների ճիշտ բաժանումը, առաջնահերթությունների ճիշտ բաշխումը, ամեն մեկի ճիշտ տեղում գտնվելը։ Մեզ մոտ չկան «ծույլիկներ»։

Նաև հարցեր են բարձրացվում, որոնք կարող են քննարկումների վերածվել։ Իսկ ուրբաթ օրերին ավանդույթ է դարձել՝ դրանք ավելի երկար են տևում, որովհետև քննարկումներ ենք անում։ Մենք լավ ենք առաջ գնում նաև, որովհետև ամեն մեկն իր գործի մասնագետն է: Դու չպետք է որևէ մեկին ասես, թե ինքն ինչ պետք է անի․ տնօրենը լինի, օպերացիոն մենեջերը, կոդ գրողը, թե մեկ այլ մասնագետ։ Կառավարման այն ձևը, երբ դու մասնագետնին աշխատանքի ես ընդունում և փորձում ասել, թե ինքն ինչպես պետք է իր գործն անի, անիմաստ է ու անարդյունավետ։

Այսքանը բավարա՞ր է։ Լավ թիմ հավաքելն ու նրանց միշտ ռիթմի մեջ պահելը բավարա՞ր է անընդհատ պրոդուկտի զարգացման համար։

Ի դեպ, շատերը կարծում են, թե IT-ն միայն ծրագրավորողներն են, սակայն IT-ում ծրագրավորումը գործի մի մասն է միայն, նարնցից բացի կան նաև մարքեթինգի մասնագետներ, որոնք այդ ամենը փաթեթավորում են՝ հաճախորդներին ճիշտ ներկայացնելու համար, հաճախորդների սպասարկման մասնագետներ, որոնք 24/7 ռեժիմով պատասխանում են օգտատերերի հարցերին և ուղեցույցներ են տրամադրում, մենեջերներ, որոնք այդ ամենը ճիշտ կազմակերպում են։

Արդյո՞ք բիզնեսի զարգացման այս մոդելը հեշտությամբ կիրառելի է այլ ընկերությունների համար։

Իհարկե կիրառելի է, որովհետև դա բերում է նորարարությունների, որովհետև երբ ամեն շաբաթ փորձում ես նոր գործիք տալ քո հաճախորդներին, ուրեմն պետք է կարողանաս ամեն շաբաթ նոր բան սովորել։ Ամբողջ ընկերությանն է վերաբերում սա։ Անընդհատ նոր բան սովորելով, դառնում ես ավելի լավ մասնագետ։ Այդ մոդելով առաջ շարժվելու համար ստարտափներն ամենակարևորը պետք է իմանան ինչ են տալիս իրենց հաճախորդներին և ուր են գնում։

Ի՞նչ պետք է իմամալ՝ այդ մոդելով առաջ շարժվելիս։

Ստարտափների համար, բնական է, կա վերջնական նպատակը տեսլականի տեսքով, և պարզ է, որ այն շատ հեռու է։ Այդ տեսլականին հասնելու համար դու պետք է իմանաս ինչ ես անում այդ շաբաթ, ինչ ես անում հաջորդ շաբաթ։ Եթե դու չունես քո պլանն ու պատկերացումները, ապա փաստ չի, որ դու կհասնես քո վերջնական նպատակին ու տեսլականդ իրականություն կդարձնես։

Պետք է նաև շատ լավ հասկանաս քո թիմը, նրանցից յուրաքանչյուրի աճելու հնարավորությունները։ Պետք է շատ լավ հասկանաս քո ընկերութւյան առավելություններն ու դիրքը շուկայում։

Ամենակարևոր հանգամանքներից է, թե որքան կազմակերպված ես։ Apple-ի, Microsoft-ի նման ընկերություններն, օրինակ, նման մակարդակի երբեք չէին հասնի, եթե շատ կազմակերպված չլինեին։ Բոլոր դետալները հասկանալու, դրանց մեջ խորանալու և կազմակերպվածության «անտանելի» մակարդակի մեջ է հաջողության գաղտնիքը։

Դժվար չի՞ այդ ռիթմով ապրելն ու թիմին պահելը։

Իհարկե դժվար է, բայց ո՞վ է հեշտությամբ ինչ-որ բանի հասնում։

Comments (0)
Add Comment