Քաղցկեղն աշխարհում մահվան հիմնական պատճառներից է, բայց վաղ զննման դեպքում քաղցկեղի շատ տեսակներ կարելի է արդյունավետ բուժել։
Eat This, Not That! պորտալը թվարկել է մի քանի ախտանշաններ, որոնք մատնանշում են, որ մարդը կարող է հիվանդ լինել քաղցկեղով։
- Հանկարծ սկսել են ավելի հաճախ ու ավելի հեշտությամբ կապտուկնե՞ր առաջանալ։ «Սեղանի ծայրին դիպչելը կարող է հանգեցնել կապտուկի առաջացման՝ սա նորմալ է։ Բայց եթե մարդն արյան քաղցկեղի որոշակի տեսակով է հիվանդ, կարող են կապտուկներ նկատվել մարմնի անոմալ տեղերում»,- նշվել է Քլիվլենդի կլինիկայի հանձնարարականում։
- Ամեն մարդ, անկախ առողջական վիճակից, ժամանակ առ ժամանակ հոգնում է, բայց հանկարծակի հոգնածությունը տագնապալի ահազանգ է, որը բնորոշ է քաղցկեղի որոշ տեսակներին։
- «Եռանդի մակարդակի հանկարծակի, երկարատեւ փոփոխությունը, անկախ այն բանից, թե որքան է քնել մարդը, կարող է լինել լեյկեմիայի կամ լիմֆոմայի նշան»,- նախազգուշացրել են Սան Ֆրանցիսկոյի առողջապահության համալսարանի մասնագետները։
- Երբեք մի անտեսեք մարմնի վրա առաջացած ելունդները կամ այտուցվածությունները, նախազգուշացնում են բժիշկները։
«Կաթնագեղձի չարորակ ուռուցքների մեծ մասը ցավոտ չէ, եւ երբեմն կինը դժվարանում է տարբերել քաղցկեղի ուռուցքը ոչ քաղցկեղային ուռուցքից, ուստի անհրաժեշտ է ճանաչել սեփական կուրծքը»,- նշել է բժշկության դոկտոր Բեթ Օվերմոյերը։
- Հետեւեք մաշկի փոփոխություններին, հատկապես խալերին. եթե դրանք փոխում են գույնը, սկսում են քորվել կամ արնահոսել, դա կարող է լինել ինչ-որ լուրջ բանի նշան։
«Մենք կարծում ենք, որ այս գրգռվածությունների մի մասի՝ քորի, արնահոսության դեպքում օրգանիզմն իրականում սկսում է ճանաչել (քաղցկեղը) եւ սկսում է գրոհել դրա դեմ՝ գրգռվածություն առաջացնելով»,- նախազգուշացրել է բժշկագիտության դոկտոր, Բոստոնի Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ Էլիզաբեթ Բուհբինդերը։
- Քաշի հանկարծակի, անբացատրելի կորուստը քաղցկեղի տարածված նշան է, ասում են բժիշկները։
«Այն հետազոտություններում, որոնցում ուսումնասիրվել են քաշի չկանխամտածված կորստի պատճառները, պացիենտների 5-37 տոկոսը ի վերջո քաղցկեղ է ունեցել,- ասել է Մոֆիթի Ուռուցքաբանական կենտրոնի բժշկական տնօրեն Ռիչարդ Լեւինը։- Բայց դա միշտ չէ, որ կարող է վկայել քաղցկեղի մասին։ Գոյություն ունեն նաեւ այլ պատճառներ»։