Հայաստան գալուս հիմնական նպատակը այստեղ բասկետբոլի զարգացմանը նպաստելն է: Ես մասնագետների եւ ֆեդերացիայի հետ քննարկում եմ այս հարցն արդեն մի քանի տարի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բաստկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը:
Հունիսի 23-26-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի տղամարդկանց SADA CUP միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, նաև «Թիմ ԱՄՆ»-ն:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մարզիչ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հունիսի 14-ից ուսումնամարզական հավաք է անցնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Ունենք նոր թիմ, նոր խաղացողներ, արդեն հասցրել ենք 7 մարզում անցկացնել: Պատրաստվում ենք SADA Cup-ին, որից հետո կմեկնենք Մալթա Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Շատ ժամանակ չունենք Մալթայից առաջ՝ երկու շաբաթ: Մեզ համար կարեւոր է ոչ միայն հաղթելը, նաեւ Հայաստանում բասկետբոլը զարգացնելը: Պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանում բասկետբոլը կայուն զարգացում ապրի: Հայաստան գալուս հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բասկետբոլի զարգացմանը: Յուրաքանչյուր տարի նկատվում է պայմանների լավացում: Պետք է հիմք ստեղծենք, որպեսզի աճի մարզաձեւ:
Մենք աշխատում ենք տարբեր լեզվով՝ անգլերեն, հայերեն եւ բասկետբոլի լեզվով: Մենք հավաքականի հետ մարզումներն անցկացնում եմ բասկետբոլի լեզվով: Շատ ժամանակ ամեն ինչ շատ հեշտ է ընթանում, երբեմն նաեւ դժվարություններ ենք ունենում: Մենք աշխատում ենք NBA-ի ոճով եւ հնարավորինս հասցնում ենք ամեն ինչ անել: Ազգային հավաքականի խաղացողները կարողանում ենք իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները մարզումների ժամանակ կատարել: Նրանք մեծ գիտելիքներ ունեն խաղի մասին եւ դա ինձ շատ օգնում է մարզումների ժամանակ»,- ասաց Ռեքս Քալամյանը:
Հայաստանի հավաքականի խաղացող, «Վահագնի Սիթիի» հարձակվող Ալբերտ Թադեւոսյանի համար շատ կարեւոր է 6 տարվա դադարից հետո պոֆեսիոնալ մարզիչի հետ նոր փուլ սկսելը:
«Մենք շատ ուրախ ենք, որ ազգային հավաքականի հետ աշխատում է Ռեքս Քալամյանի նման մասնագետ: Ցավոք, ազգային հավաքականը երկար դադար ունեցավ եւ հիմա բոլորս մեծ կարոտով ենք մարզվում, սպասում մրցումների: Կարծում եմ՝ ոչ միայն մենք՝ խաղացողներս, այլ նաեւ հանդիսատեսն է կարոտել բասկետբոլը: Ռեքսի հետ շատ բարդ մարզումներն ենք անցկացնում, բոլորս էլ շատ ենք հոգնում, բայց հաճույքով ենք այդ ամենն անում: Նոր մարզիչի հետ աշխատանքն այլ է՝ մարզումների տեխնիկան, ծանրաբեռնվածությունը, ամեն ինչ շատ տարբեր է: Մարզիչների կողմից շատ պրոֆեսիալ մոտեցում է, ինչի համար շնորհակալ ենք մարզիչներին: Ուրախ եմ, որ այս թիմի մի մասնիկ եմ: Վստահ եմ, որ Մալթայում ամեն ինչ հաջող կստացվի, եւ մենք այնտեղից կվերադառնան ոսկե մեդալներով»,- Ալբերտ Թադեւոսյանը:
Հայաաստանի հավաքականին արդեն միացել է ԱՄՆ-ի «Հոլիվուդ Հրազդան» ակումբի պաշտպան Անդրե Սփայթ Մկրտչյանը:
«Ես լրիվ հասկանում եմ հայերեն, բայց երկար ժամանակ չեմ խոսել: Արդեն 6 տարի է՝ չենք խաղացել ազգային հավաքականում: Շատ ուրախ եմ, որ մեր հավաքականը կրկին վերադառնում է: Հաճելի է, որ Հայաստանում բասկետբոլի միջազգային մրցաշար է անցկացվելու: Սա մեծ օր է լինելու մեզ համար: Ես բոլորին պատմում եմ մեր մրցաշարի մասին, խորհուրդ տալիս ներկա լինել մեր խաղերին եւ երկրպագել ազգային հավաքականին: Սա մեզ համար նաեւ փորձաշրջան է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից առաջ: Շատ ուրախ եմ, որ մենք ունենք նոր մարզիչ՝ պրոֆեսիոնալ մասնագետ Ռեքս Քալամյան: Նրա հետ աշխատանքը մեծ արդյունք կտա: Բոլորս հույս ունենք, որ մենք նոր հաջողություններ կգրանցենք Ռեքս Քալամյանի հետ»,- ասաց Անդրե Սփայթ Մկրտչյանը:
Շուտով Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականին կմիանա նաեւ նոր խաղացող, ֆրանսիական «Ասֆել Վիլերբանում» հանդես եկող, ամերիկացի Քրիս Ջոնսը: