Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հավասարվեց թիմի նախկին խաղացող, իսպանացի Ռաուլին Արքայական թիմում խփած գոլերի քանակով։ 34-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում (6։0) «Լեւանտեին» խփած գոլի շնորհիվ «Ռեալում» իր գոլերի քանակը հասցրեց 323-ի։ Բենզեման ու Ռաուլը կիսում են երկրորդ տեղը։ Ռեկորդակիրը «Ռեալի» նախկին խաղացող, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 գոլ։
Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա արդեն 11 տարի մադրիդյան ակումբում է։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։