Սուրճի սիրահարների սեռը, ինչպես նաեւ դրա պատրաստման եղանակը կարող են կարեւոր գործոններ լինել, որոնք կպարզեն այդ անուշաբույր ըմպելիքի կապը խոլեստերինի մակարդակի բարձրացման՝ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի գործոնի հետ։ Այս մասին վկայում է Open Heart ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ էսպրեսոյի օգտագործումը կապված է խոլեստերինի մակարդակում ամենաբարձր տարբերության հետ՝ կախված սուրճ խմողի սեռից, այն դեպքում, երբ մխոցով սրճեփում պատրաստված սուրճի դեպքում խոլեստերինի մակարդակն ամենացածրն է։
Էսպրեսոյի օրական 3-5 բաժակը հանգեցրել է ընդհանուր խոլեստերինի բարձրացման, հատկապես տղամարդկանց մոտ։
Մխոցով սրճեփում պատրաստված վեց եւ ավելի բաժակ սուրճի օրական օգտագործումը նույնպես բարձրացրել է խոլեստերինի մակարդակը, ընդ որում՝ նույն կերպ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, իսկ զտված սուրճի վեց եւ ավելի բաժակի օրական օգտագործումը կապված է եղել կանանց, բայց ոչ տղամարդկանց մոտ ընդհանուր խոլեստերինի բարձրացման հետ։
Չնայած լուծվող սուրճի օգտագործումը հանգեցրել է տղամարդկանց եւ կանանց մոտ խոլեստերինի մակարդակի բարձրացման, այդ ցուցանիշը չի ավելացել խմած սուրճի քանակից կախված։
Սուրճը պարունակում է բնական ծագմամբ քիմիական նյութեր՝ դիտերպեններ, կաֆեստոլ, որոնք, ինչպես հայտնի է, բարձրացնում եմ արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Այս հետազոտության արդյունքները հիմնված են 40 եւ բարձր տարիքի ավելի քան 21 080 մարդկանց պատասխանների վրա, որոնք ստացվել են Թրոմյսո քաղաքի հետազոտողների կատարած աշխատանքի արդյունքում։
Մասնակիցներին հարցրել են, թե քանի բաժակ սուրճ են նրանք խմում ամեն օր եւ սուրճի որ տեսակն են ընտրում։
Մասնակիցներից վերցվել են արյան նմուշներ, ինչպես նաւե չափվել են նրանց հասակն ու քաշը։ Մասնակիցները տեղեկություն են հայտնել նաեւ սնվելու, առողջության եւ կենսակերպի մասին, ներառյալ ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ ֆիզիկական ակտիվությունը։
Կանայք օրական միջինը չորս գավաթից ավելի քիչ են սուրճ խմել, տղամարդիկ՝ հինգ գավաթ, վկայել են հետազոտության տվյալները։