ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) — 10.06.2022 թ.,
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 13.06.2022 թ.,
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում,
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց պատմություն» (բանավոր) — 08.06.2022 թ.,
«Գրականություն» (բանավոր) — 13.06.2022 թ.,
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — 16.06.2022 թ.,
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 23.06.2022 թ.,
«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) — 28.06.2022 թ.,
«Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ) — 30.06.2022 թ.,
«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում — հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում,
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր) — 08.06.2022 թ.,
«Հայոց պատմություն» (գրավոր) — 15.06.2022 թ.,
«Մաթեմատիկա» (գրավոր) — 22.06.2022 թ.,
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում,
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:
Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:
Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:
Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: