Դեղերը կարելի է օրգանիզմին հասցնել ցողունային բջիջների օգնությամբ

Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի (Ռուսաստան) գիտնականները մշակել են դեղերը ցողունային բջիջների օգնությամբ օրգանիզմին հասցնելու նորարարական եղանակ։

Ինչպես տեղեկացրել է «Газета.Ru»-ն՝ հղում կատարելով կրթության եւ գիտության նախարարությանը, գիտնականները in vitro դիտարկել են սինթետիկ պոլիմերային միկրոպատիճների ազդեցությունը բջջային կառուցվածքի, մեզենխիմալ ցողունային բջիջների ուլտրակառուցվածքի եւ կենսաբանական ակտիվության վրա։ Պարզվել է, որ այդ բջիջներում հնարավոր է ինտեգրել միկրոպատիճները՝ չվնասելով բջջի ամբողջականությունը, պահպանելով տեղափոխվելու նրա կարողությունը։ Բացի այդ, այս մեթոդի կիրառման ժամանակ ցիտոկինների սեկրեցիան մնում է թույլ, ինչը նշանակություն ունի ավելորդ բորբոքումը կանխելու համար։

Ստացված արդյունքները գիտնականները  նախատեսում են օգտագործել ռեգեներատիվ բժշկության մեջ, քանի որ նոր տեխնոլոգիան ունի բարձր դիֆերենցիոն պոտենցիալ, ինչպես նաեւ կարող է նվազեցնել բորբոքումն ու նպաստավոր ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա։  Ապագայում մեզենխիմալ ցողունային բջիջները կարելի կլինի օգտագործել դեղամիջոցները կոնկրետ այն օրգանին կամ հյուսվածքներին հասցնելու համար, որտեղ տեղի են ունենում պաթոլոգիկ պրոցեսները, օրինակ՝ բուժելու համար քաղցկեղը, կաթվածը կամ այլ հիվանդություններ։

Comments (0)
Add Comment