Գարեթ Բեյլ․ Իսպանացի լրագրողները պետք է ամաչեն ինձ վարկաբեկելու համար

Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատասխանել է իսպանական Marca պարբերականին, որը նրան «մակաբույծ» էր անվանել «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնայից» կրած 0։4 հաշվով պարտությունից հետո։ 32-ամյա Բեյլը մեջքի ցավերի պատճառով չէր մասնակցել այդ հանդիպմանը, սակայն աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում երկու գոլ խփեց Ավստրիայի հավաքականին։ Ուելսի թիմը հաղթեց 2։1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։

«Որեւէ բան ասելու ցանկություն չունեմ։ Ժամանակի անիմաստ կորուստ է։ Իսպանացի լրագրողները պետք է ամաչեն ինձ վարկաբեկելու համար։ Բայց ես չեմ անհանգստանում այդպիսի մանրուքների պատճառով։

Ես կարող եմ գոլ խփել տուգանայինից, եթե ունենում եմ խաղալու հնարավորություն։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես է գնդակը հայտնվում Ավստրիայի հավաքականի դարպասում իմ հարվածից հետո։ Արագ գոլը մեզ լրացուցիչ լիցքեր հաղորդեց։

Հանդիպման վերջնամասում որոշակի մկանային խնդիրներ ունեի, բայց կարծում եմ դա նորմալ է։ Բոլոր ջանքերը կգործադրեմ մեր երկրի եւ ազգային թիմի հաջողության համար»,- Բեյլի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Փլեյ-օֆֆի եզրափակիչում Ուելսի թիմի մրցակիցը կլինի Շոտլանդիա — Ուկրաինա զույգի հաղթողը։ Ուկրաինայում պատերազմի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է եւ կանցկացվի հունիսին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ։


Comments (0)
Add Comment