Հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը, որն առավել հայտնի է, որպես մայրքաղաքի տոնական միջացառումների հանդիսավար, այժմ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ բացի իր մասնագիտությունից՝ զբաղվում է բավական հետաքրքիր գործունեությամբ: Լուսինեն հանդիսանում է Լաս Վեգասի Աստղերի ծառուղում՝ Միջին արեւելյան երկրների եւ կովկասյան տարածաշրջանի, ինչչպես նաեըւ՝ եվրոպական 4 երկրների ղեկավարը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է ԱՄՆ մշտական բնակության մեկնելու որոշման եւ անսպասելիորեն իր երազանքի աշխատանքը ստանձնելու մասին:
Լուսինեն ԱՄՆ-ում բնակվում է 2018 թ-ից. ինչպես ինքն է պատմում՝ պարզապես, գործունեությունն այնպես դասավորվեց, որ իր հերթական ուղեւորությունը Միացյալ Նահանգներ դարձավ ճակատագրական, իսկ Լաս Վեգասի Աստղերի ծառուղում աշխատանքի անցնելը համարում է իր հետաքրքրասիրության ու ամեն բան տնտղելու ցանկության արդյունքը.
«Նույնիսկ, ամնալավ երազում չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր աշխատանքի կանցնեմ այսպիսի հեղինակավոր եւ կարեւորագույն ընկերությունում: Այնպես ստացվեց, որ համեմատական վերլուծություն էի պատրաստում Հոլիվուդի փառքի ծառուղու եւ Լաս Վեգասի աստղերի ծառուղու մասին, սակայն կայքում նորությունները թարմացված չէին, այդպիսով սկսեցի հետաքրքրվել բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով. զանգահարում էի, թողնում հաղորդագրություններ, էլ. փոստի միջոցով նամակներ էի գրում, սակայն ապարդյուն…»,-պատմում է նա,- « Մի օր էլ վարսավիրանոցում նստած էի, եւ հանկած զանգահարեց ընկերության հանրային կապերի ղեկավարը, չեմ կարող նկարագրել ուրախությանս աստիճանը, հետո պայմանավորվածություն ձեռք բերեցի նաեւ նկարահանման համար, քանի որ պատրաստում էի հաղորդաշարս, եւ այդպես սկսվեց մտերմությունս ընկերության հետ»:
Նկարահանումներին հաջորդեցին այլ համագործակցությունները, իսկ ավելի ուշ հայուհուն հրավիրեցին ընկերության աշխատասենյակ, որտեղ էլ Լուսինեն ստացավ աշխատանքային անհավանական առաջարկը.
«Ղեկավարների խորհուրդը ինձ հրավիրեց իրենց մոտ, 3-4 ժամ ճանապարհի ընթացքում միայն մի գաղափար էր պտտվում ուղեղումս՝ ինչ-որ մի բան սխալ եմ արել հաստատ… Երբ, վերջապես, տեղ հասա, հրավիրեցին ներս, զրույցից հետո առաջարկեցին դառնալ այդ ընկերության Միջին արեւելյան երկրների ղեկավարը: Ես այդ պահին հազիվ էի զսպում արցունքներս. ուրախությունից ուզում էի գոռալ, սակայն շատ հանգիստ կերպով՝ առանց ավելորդ ոգեւորության, ասացի՝ կարո՞ղ եմ մտածել:
Նրանք զարմացան եւ ինձ մինչ երկուշաբթի ժամանակ տվեցին: Դուրս եկա սենյակից հազիվ 2 քայլ գցեցի եւ արցունքներս հոսեցին»,-հիշում է Լուսինեն, որին հետագայում վստահվեց ոչ միայն Միջին արեւելյան երկրների, այլեւ կվկասյան տարածաշրջանի ու եվրոպական 4 երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի ղեկավարումը: Անդրադառբնալով իր գործունեությանը՝ հաղորդավարուհին հավելեց, որ աշխատանքն ունի ինչպես հտաքրքիր, այնպես էլ՝ դժվար ու պատասխանատու կողմեր. Լուսինեն աշխատում է նշված երկրների՝ աստղի նոմինանտ հանդիսացող հայտնի պրոդյուսերների, դերասանների, երգիչների, հաղորդավարների եւ խոշոր ընկերությունների հետ: Ներկայացված թեկնածուներն աստղը ստանում են մի շարք քննարկումների ու համաձայնեցումների արդյունքում, քանի որ աստղ ունենալու համար տվյալ անձը պետք է համապատասխանի ճեմուղու բոլոր նորմերին:
Աշխատանքի հետաքրքիր կողմերից մեկն էլ համաշխարհային հայտնիների հետ աշխատելու հնարավորությունն է. Լուսինեն արդեն հասցրել է գրանցել մի շարք աստղային համագործակցություններ.
«Սալմա Հայեքի աստղի բացման արարողությունը եղավ իմ մուտքը դեպի Հոլիվուդի Փառքի ծառուղի, որտեղ հանդիսանում եմ վեգասյան մասնաճյուղի ներկայացուցիչը. Լաս Վեգասի աստղերի ծառուղին պատկանում է Նեւադա նահանգին, իսկ Հոլիվուդինը՝ Կալիֆորնիային: Բախտս այնքան է բերել, որ անմիջական աշխատանքս կապված է հենց համաշխարհային դեմքերի հետ, որոնց հետ ամեն անգամ շփվելիս, նրանց հետ աշխատելիս մի պահ կանգ եմ առնում հասկանալու համար՝ սա երա՞զ է, թե՞ իրականություն»:
Լուսինեն աշխատել է նաեւ էնդի Քոյենի, Ադամ Սենդլերի, Էրիկ Փավերի, Laberinto խմբի, Ադամ ՄքՔեյի եւ այլ ճանաչված դեմքերի հետ: Այժմ համագործակցում է «Գրեմմիի» 8-ակի մրցանակիր Սքոթ Սթորչի հետ:
«Առաջիկայում սպասվում է նաեւ հոլիվուդյան կինոարտադրության հիմք հանդիսացող Ֆրենցիս Ֆորդ Կոպպոլլոյի եւ իմ ամենասիրելի դերասաններից Մորիս Չեսթնաթի անվանական աստղերի բացումը՝ Հոլիվուդում, իսկ Լաս Վեգասում՝ աշխարահռչակ կինոարտադրող-դերասան Սալվադորի, լեգենդար երգիչ Ուեյն Նյուտոնի, որին անվանում են նաեւ «պարոն Լաս Վեգաս»: Մինչ տարվա վերջ սպասվում են շատ ու շատ անվանի մարդկանց աստղերի բացումներ»:
Իր գործունեության համար Լուսինեն հասցրել է ճանաչվել լավագույն աշխատակից եւ պարգեւատրվել ոսկե աստղով:
Ինչ վերաբերում է իր հաղորդավարական աշխատանքին՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Լուսինեն սկսել է նկարահանել իր հեղինակային՝«Մշակութային խաչմերուկ» հաղորդաշարը. «Հիմա պատրաստում եմ նաեւ մեկ այլ հաղորդաշար՝ «Աստղ Աստղերի համար», որը եւս կցուցադրվի «Պանարմենիան» հեռուստաալիքով, այժմ ընթանում են նկարահանման աշխատանքները: Եկածս օրվանից նաեւ վարել եմ ամենատարբեր միջոցառումներ՝ պետական, ժամանցային, մշակութային եւ այլն»:
Ժամանակին տված իր հարցազրույցներից մեկում հաղորդավարուհին խոսել էր Երեւանի հետ իր ամուր կապի մասին՝ նշելով, որ առանց իր սիրելի քաղաքի չի կարող երկար դիմանալ: Հարցին՝ ինչպե՞ս է այսօր դիմադրում կարոտին, Լուսինեն պատասխանեց.
«Եթե ինձ հարցնեիք 5 տարի առաջ, կասեի, որ առանց Երեւանի արթնանալն անհնար է, բացառված է, որ ես օրերից մի օր ապրեմ դրսում: Սակայն ամեն բան փոխվեց, երբ հասկացա, որ Հայաստանում ինձ համար առաջընթացի տրամպլինը սահմանափակ է: Միայն այդ գաղափարն ինձ ստիպեց, որ քայլեր ձեռնարկեմ տեղափոխվելու: Առաջին մի քանի ամիսը ինձ համար դժոխային էին, հատկապես, երբ ես պետք է մի քանի ամիս անց այստեղից դիմում գրեի աշխատանքից ազատման համար, քանի որ դրանով հասկանում էի, որ վերջ է դրվելու իմ վերադարձին: Սակայն ես այն մարդկանցից չեմ, որ դժվարությունից կամ խոսքից փախուստի կդիմեր: Ինքս ինձ սկսեցի հարցեր տալ, համոզել, որ ամեն բան լավ է լինելու, եւ երբեք չեմ զղջալու կատարածս քայլի համար… Այդպես էլ եղավ. ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն՝ իմ ամեն չնչին ձեռքբերման համար: Իսկ կարոտ, նույնիսկ, չեմ էլ հասցնում զգալ, քանի որ հաճախակի եմ գալիս Հայաստան»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լուսինե Փիրոյանի արխիվից