Երեւանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը. այս տարվա համագործակցություններն ու ծրագրերը

Մարտի 23-ից 30-ը Երեւանում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն այս տարի կանցկացվի 13-րդ անգամ: Սկիզբ առնելով 13 տարի առաջ՝ փառատոնն իր առջեւ նպտակ դրեց պահպանել ու տարածել հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ հանդիսատեսին ներկայացնել նոր անուններ:

Փառատոնի գեղարվեատական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այսօր՝ մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ներկայացրին փառատոնի կարեւորությունը հայկական մշակույթում եւ իրենց համագործակցության նպատակները:

Արա Խզմալյանի խոսքով՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը առանցքային նշանակություն ունի ոչ միայն մշակութային, այլեւ՝ ռազմավարական առումով,-«Սա փաստում է նաեւ այն հանգամանքը, որ ավելի, քան երբեւէ այս փառատոնի շուրջ սերտացել է սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության եւ կոմպոզիտորների միության համագործակցությունը, ինչը շատ ողջունելի փաստ է: Սիմֆոնիկ նվագախումբն, առհասարակ, ահռելի վաստակ ունի մեր կոմպոզիտորական արվեստի ոչ միայն հանրայնացման, այլեւ միջազգայնացման հարցում: Այս առումով էլ փառատռոնը նախարարության ռազմավարական հենակետն է, եւ ես հույս ունեմ, որ այն համալիր մջոցառումները, որոնք մենք որոշել ենք իրականացնել, նպաստելու են փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը»:

Խզմալյանը փառատոնի՝ նախորդ տարիների արդյունքները տպավորիչ է համարում,-«Բավական է նշել, որ դրա շրջանակում տեղի է ունեցել 51 համերգ, 170-ից ավելի պրեմիերաներ, թվայնացվել է հայ կոմպոզիտորների՝ 100-ից ավելի ստեղծագործություն, ձայնագրվել ավելի, քան 150 երգ: Այս թվերն, իսկապես, նշում են այս փառատոնի կարեւորության մասին»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեատական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հավելեց, որ ամենամյա այս միջոցառումը մեծ ոգեւորություն է ոչ միայն նվագախմբի, այլեւ Հայաստանում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտերների համար.

«Սա կարեւոր երեւույթ է ե´ւ մեր նվագախմբի, ե´ւ գործընկերների համար, որովհետեւ սա անհամեմատ ձեւաչափ է, եւ այսպիսի մեծ աջակցության մասշտաբ, երեւի, նախորդող ոչ մի տարում չենք ունեցել: Այն գործունեությունը, որն անում է նվագախումբը, հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլեւ կարեւոր է այն տեսանկյունից, որ երկիրը ձեւավորում է իր մշակութային առաջարկն աշխարհին: Մենք պատկերացնում ենք այսօրվա առաջխաղացումը, եւ նվագախմբի հետ աշխատող թիմի հետ կարող ենք լավագույնս ներկայանալ աշխարհին: Երբ խոսում ենք մեր ժառանգության մասին, պետք է հասկանալ, որ այդ ժառանգությունը մենք ոչ միայն պետք է պահպանենք, այլեւ կարողանանք փոխանցել գալիք սերունդներին»,-ընգծեց նա:

Արամ Սաթյանի խոսքով՝ Հայաստանի կոմպոզիտորների միության եւ սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը պետք է շարունակական լինի եւ նպաստի հայկական ժամանակակից երաժշտության հանրահռչակմանը.

«12 տարի առաջ այս համագործակցությունը նշմարվեց, եւ այսօր ես ուրախ եմ, որ երիտասարդական ճյուղն առանձին նախաձեռնել է այս համագործակցությունը նվագախմբի հետ: Կարծում եմ՝ սա շատ կնպաստի մեր պրոֆեսիոնալ դպրոցի զարգացմանը: Առաջին հերթին յուրաքանչյուր հեղինակ ցանկանում է հնչել իր երկրում, հետո ձայնագրման, թվայնացման մեթոդներով ներկայացվել արտասահամանում: Մեր շատ հեղինակներ հնչում են արտերկրում, եւ ես  ողջունում եմ այս փառատոնն ու կարծում՝ մեր համագործակցությունը կշարունակվի»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է համերգային ծրագրերին՝ այս տարի կհնչեն ե´ւ անվանի, ե´ւ երիտասարդ կոմպոզիտերների գործերից, կլինեն նաեւ պրեմիերաներ: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ փառատոնն անդրադադառնալու է հոբելյարներին. այս տարի լրանում է նշնավոր կոմպոզիտորներ Էդուարդ Բաղդասարյանի եւ Օհան Դուրյանի 100-ամյակը, որոնք եւս նշանավորվելու են փառատոնի շրջանակում:

Սյունե Առաքելյան

Comments (0)
Add Comment