Գորդոնը շնորհակալություն է հայտնել անձամբ Իլհամ Ալիևին

Ուկրաինացի լրագրող, հակառուսական պրոպագանդայի առաջամարտիկ Դմիտրի Գորդոնը երեկ հարցազրույց է տվել ադրբեջանական Pressklub TV-ի պրոդյուսեր Ռահիմ Սադիբեյլիին, և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ադրբեջանաուկրաինական հարաբերություններին: Անակնկալ չէ, որ ադրբեջանական քարոզչությունը Ուկրաինայի հետ հարաբերություններում հիմնական շեշտադրումն անում է Արցախյան հարցի, դրա կարգավորման գործում Ռուսաստանի հակաադրբեջանական դիրքորոշման վրա և զուգահեռներ է փորձում տանել Դոնբասում հատուկ օպերացիայի հետ: Դա իրենց գործն է: Բայց խիստ ուշագրավ է Գորդոնի տեսակետը արցախաադրբեջանական հակամարտությանը, որը նույնական է Ուկրաինայի պետական պաշտոնական քաղաքականության հետ:

«Ես հիացած եմ ադրբեջանական բանակի գործողություններով: Շատ լավ է, որ Թուրքիան և Իսրայելը զենք տվեցին Ադրբեջանին: Կցանկանայի, որ Թուրքիան և Իսրայելն իրենց ակտիվ դրսևորեին Ուկրաինայի հարցում, Ուկրաինային ավելի շատ բայրակթարներ տային, ինչպես օգնեցին Ադրբեջանին»,- նկատի ունենալով 44-օրյա պատերազմը՝ ասել է այդ Գորդոնը: Փաստացիորեն Գորդոնը ողջունում է ադրբեջանցիների կողմից նույն բայրակթարներով և ուկրաինական ֆոսֆորային զենքերով Արցախի խաղաղ բնակչության, քաղաքների ու բնակավայրերի ռմբակոծությունները: Նույն բանի համար հիմա ուկրաինացիներն ու Արևմուտքը, նրանց պոչին կպած Ադրբեջանը մեղադրում են իբր Ռուսաստանի՞ն:

Ադրբեջանը միշտ է եղել հակառուսական տիրույթում, թեև դա քողարկել է կեղծ բարեկամական դիֆերամբներով: Օրեր առաջ էլ Ալիևը Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրեց, բայց ողջ ադրբեջանական պետական քարոզչությունն այսօր աշխատում է Ռուսաստանի դեմ, ամեն օր այդ երկրում պրոուկրաինական հանրահավաքներ են անցկացվում, Ադրբեջանն անվճար բենզին է տրամադրում Ուկրաինային, իսկ ադրբեջանցի կամավորները մեկնում են Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելու, իսկ Արցախում կրակում են ռուս խաղաղապահների ուղղությամբ, խոչնդոտում են նրանց գործողություններին:

Եթե ոմանց համար դա գաղտնիք է, ապա այս Գորդոնն այդ ամենը շատ լավ գիտի: Իմանալով է, որ նույն հեռուստաեթերում շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի ժողովրդին և անձամբ Իլհամ Ալիևին՝ Ուկրաինային «աջակցության և բարեկամության ձեռք մեկնելու» համար: Արդյո՞ք այսքանից հետո Ռուսաստանում Ադրբեջանի և անձամբ Իլհամ Հեյդարովիչի գործողությունները շարունակում են համարել բարեկամական և դաշնակցային: Գորդոնը սպառնում է, որ այս պատերազմից հետո շատ երկրներ հաշիվ են ներկայացնելու Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանը Ադրբեջանին հաշիվ ներկայացնելո՞ւ է: 

Comments (0)
Add Comment