«Հաճախ ինձ հարց էի տալիս՝ Աստված իմ, ինչպե՞ս եմ կարողացել նրանցից 99-ին համոզել». Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» մրցույթի ժյուրիի կազմում (ֆոտո)

Սյուզաննա Մելքոնյանն օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ տեղի էին ունենում «Ну-ка, все вместе!» երաժշտական մրցույթի նկարահանումները. հայ երգչուհին, որը դարձել էր մրցույթի նախորդ տարվա հաղթողը, այս տարի իրավունք էր ստացել լինելու նախագծի 100 փորձագետների շարքում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան պատմել է մեծամասշտաբ նախագծում ժյուրիի անդամ լինելու իր փորձից ու կիսվել տպավորությունների մասին:

Սյուզաննան հիշեց, որ «Россия1» հեռուստաալիքով հեռարձակվող մրցույթի տաղավար մտնելուն պես համակվել է էմոցիաներով.

«Ինձ միանգամից պարուրեցին հիշողությունները, որովհետեւ, կարծես, երեկ լիներ, որ ես այդ բեմում էի՝ որպես մասնակից, որը մի շարք դժվարություններ հաղթահարելով՝ դարձավ հաղթող: Իհարկե, մեծ պատիվ էր այնտեղ գտնվելը՝ արդեն ժյուրիի կազմում»:

Երգչուհին նշեց, որ ժյուրիի աստղային կազմն ու մյուս փորձագետներն իրեն բավական ջերմ են ընդունել. մինչ օրս հիշում են իր ելույթներն ու քննարկում դրանք.

«Այս տարի հարյուրյակում շատ նոր դեմքեր կային, բայց, իհարկե, մեծ մասը արդեն հայտնի փորձագետներն էին: Ես շատ-շատ ոգեւորված եմ, որովհետեւ կարոտ զգացի իրենց կողմից, սեր ու ջերմություն: Նրանց հետ ժամեր շարունակ նստած էինք այդ տաղավարում, ու ինձ մոտենում էին շատ տարբեր մարդիկ ու նշում, որ շատ ուրախ են ինձ կրկին տեսնել: Կիսվում էին իմ ելույթի հետ կապված էմոցիաներով, եւ տպավորություն էր, թե ես երեկ էի հաղթել: Այս 12 օրերի ընթացքում նրանցից յուրաքանչյուրի հետ շփումն ինձ նոր գիտելիքներ է փոխանցել՝ թե´ կյանքի, թե´ մեր ոլորտի հետ կապված»:

Երգչուհու՝ ավելի ուշադիր հետեւողները նկատած կլինեն, որ Սյուզաննան ինստագրամյան իր էջում հաճախ էր տեղադրում նկարահանումներից փոքրիկ պատմություններ, որտեղ երեւում էին նրա բազմաոճ կերպարները: Երգչուհին նշեց, որ այդ հարցում իրեն օգնել են հայ ոճաբանները:

«Այս նախագիծը թե´ շոու է, թե´ մրցույթ, եւ 100 փորձագետների մեջ լինելով՝ ես չէի կարող, պարզապես, չանդրադառնալ հետաքրքիր կերպարների, քանի որ ինչպես նկատել եք, այնտեղ շատ էպոտաժային, հիշվող կերպարներ կան, եւ նախագծի ֆորմատն է հենց այդպիսին՝ ժյուրիի կազմին տրված է առանձնանալու հնարավորություն: Դրան տեղյակ լինելով՝ փորձեցի իմ իմիջը ստեղծել: Այդ հարցում ինձ օգնել են Ֆաինա Հարությունյանն ու Կարինա Խաչատրյանը, կրել եմ հենց նրանց ստեղծած գեղեցիկ հագուստները»:

(Սյուզաննան՝ Կարինա Խաչատրյանի զգեստով)

Անդրադառնալով ժյուրիի կազմում լինելու դժվար կողմերին՝ Սյուզաննան հավելեց.

«Ինձ համար, հատկապես, առավել բարդ ու դժվար էր, քանի որ ես 100փարձագետների կազմում առաջին անգամ էի: Շատ քննադատ մասնագետներ կային, որոնք նաեւ հոգեբանական տեսանկյունից որսում էին իմ էմոցիաները, պահվածքը, որովհետեւ իմ դեպքն այլ էր՝ ես այդ բեմից էի հայտնվել ժյուրիի կազմում, ինչը կրկնակի պարտավորեցնող էր»:

Երգչուհու խոսքով՝ թե´ մասնակիցների շարքում, թե´ ժյուրիի կազմում դժվար ու հաճելի պահերը միմյանց զուգորդում են.

«Այս տարի լինելով ժյուիի կազմում՝ բացահայտել եմ շատ կողմեր, կարող եմ ասել, որ շատերը բավական խիստ ու քմահաճ են, ու հաճախ ինձ հարց էի տալիս՝ Աստված իմ, ինչպե՞ս եմ ես կարողացել նրանցից 99-ին համոզել»:

Ինքը՝ Սյուզաննան, մասնակիցներին գնահատելիս առաջնորդվել է իր սկզբունքներով,- «Ես շատ լավ էի հասկանում այն մարդկանց, որոնք կանգնում էին այդ բեմին, հուզվում էին, որովհետեւ յուրաքանչյուրն իր պատճառներն ունի մասնակցելու, իրեն ու իր երկիրը ներկայացնելու: Ինձ համար առաջնային տեղում վոկալն է ու ընդհանուր պահվածքը, մոտեցումն ու ընտրված երգացանկը: Անկեղծ ասած՝ ես այնքան էլ գոհ չեմ այս տարվա երգացանկից: Պարզ է, որ նման նախագծերում մենք մեր հեղինակային երգերը չենք կատարում, ներկայացնում ենք, հիմնականում, միջազգային հիթեր, բացի այդ՝ գոյություն ունի հեղինակային իրավունքների գործոնը, բայց ես այս տարի լսելով շատ մասնակիցների՝ մի փոքր սրտնեղած եմ, որովհետեւ կային երգիչներ, որոնք ունեին պոտենցիալ, բայց սխալ երգի ընտրության արդյունքում, պարզապես, ձախողում էին»:

Սյուզաննան նաեւ շեշտեց, որ ինքը փորձել է ոչ թե քաջալերել մասնակիցներին, այլ ընտրել նրանցից լավագույններին.

«Մրցույթն այն ձեւաչափերից է, որ անդադար պետք է համեմատես մասնակիցներին մեկը մյուսի հետ՝ հասկանալու համար, թե ով է ավելի արժանի մնալ նախագծում: Նկատեցի, որ շատ փորձագետների մոտ առաջնահերթ մարդկային գործոնն էր խոսում. պահի էմոցիաների արդյունքում շատերը, պարզապես, կտրվում են մրցութային իրականությունից՝ փորձելով ոգեւորել մասնակցին, բայց ես փորձում էի այդպես չանել, քանի որ, լինելով նախորդ տարվա մասնակիցների շարքում, հասկանում էի, թե մեկ ձայնը որքան որոշիչ կարող է լինել նրանցից յուրաքանչյուրի համար: Առաջնորդվելով իմ գիտելիքով ու փորձով՝ աշխատել եմ լինել հնարավորինս օբյեկտիվ»,-ասաց երգչուհին՝ խոստովանելով, որ այդ օբյեկտիվությունն, իհարկե, չի կարողացել կիրառել հայ մասնակիցների դեպքում.

(Սյուզաննան՝ Ֆաինա Հարությունյանի զգեստով)

«Այս տարի հայերի շատ մեծ հոսք չկար նախագծում, բայց կային շատ հետաքրքիր մասնակիցներ: Միանշանակ, մեկ հայ մասնակցի դեպքում ինձ համար շատ պարտավորեցնող էր այդ իրավիճակը: Պետք է նշեմ, որ տվյալ մարդը, ըստ իս, դեռեւս այնքան էլ պատրաստ չէր մրցույթին, բայց, իհարկե, չէի կարող օբյեկտիվությամբ առաջնորդվել այս դեպքում, ինձ համար կարեւոր էր հայ մարդու կողքին լինելը»:

Ինչ վերաբերում է մրցույթի եզրափակչի նկարահանումներին՝ Սյուզաննան նշեց, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող վերադառնալ Մոսկվա, բայց ասաց, որ ինքն էլ, ինչպես եւ  հեռուստադիտողները, անհամբերությամբ է սպասում նախագծի վերջնական արդյունքին, մանավանդ, որ արդեն ունի ֆավորիտ մասնակից:

Սյունե Առաքելյան

Comments (0)
Add Comment